Օմբուդսմենը այցելել է հանրապետական հավաքակայան

Ինչպես տեղեկացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների խումբն այցելություն կատարեց ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայան: Այցի նպատակն էր ծանոթանալ հավաքակայանի առօրյա գործունեությանը և զորակոչի անցկացման գործընթացին:

Խմբի անդամները շրջայց կատարեցին հավաքակայանի տարածքով, զրուցեցին զորակոչիկների հետ, ծանոթացան բժշկական հանձնաժողովի աշխատանքին, անցան բուժհետազոտման սենյակներով: Խախտումներ չարձանագրվեցին, սակայն բուժհետազոտման անցման սպասասրահի պայմանները լուրջ բարելավման կարիք ունեն, քանի որ սենյակների առջև զորակոչիկների կուտակումներ են լինում և բավարար չափով նստատեղեր նախատեսված չեն: Բացի այդ, պայմաններ ստեղծված չեն այն զորակոչիների համար, որոնք արդեն անցել են բուժզննում: Այցելության օրը, զորակոչիկների մի մասը ստիպված էր մեկ ժամից ավել սպասել բացօթյա տաղավարներում: Այս հարցերը պարզաբանելու նպատակով, խմբի անդամները հանդիպեցին ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի հրամանատարի հետ: Վերջինս նշեց, որ նախկինի համեմատ հավաքակայանի պայմանները զգալիորեն բարելավվել են, սակայն կան հարցեր, որոնց լուծման համար ակնկալում է աջակցություն:

Այցելության վերջում խմբի անդամներին մոտեցան Արաբկիրի զինկոմիսարիատից զորակոչված 3 զորակոչիկներ, որոնք պնդում էին, որ իրենց զինկոմիսարիատ են հրավիրել առանց ծանուցագրի, բուժզննում անցնելու պատրվակով և ապօրինաբար բերել հավաքակայան, նրանք նույնիսկ չեն հասցրել հրաժեշտ տալ հարազատներին:
Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդականը զինկոմիսարիատի ներկայացուցչից պարզաբանում պահանջեց զորակոչիկների հայտարարությունների վերաբերյալ: Վերջինս նշեց, որ նրանք պարբերաբար խուսափել են զինվորական ծառայության մեկնելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալուց, բայց հերքեց զորակոչիկների այն պնդումները, որ իրենց զինկոմիսարիատ են հրավիրել առանց ծանուցագրի: Խնդրի ուսումնասիրությունը շարունակվում է: