ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ Սերժ Սարգսյանին
Այսօր Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները նամակ հանձնեցին վարչապետ Սերժ Սարգսյանին: Բացի այդ, կառավարության շենքի առաջ «Վար-չա-պետ, վար-չա-պետ» վանկարկելով` անցկացրեցին իրենց հերթական բողոքի ակցիան` պահանջելով ընդունելություն վարչապետի կողմից:
«2007թ. ապրիլի 13-ին կառավարության շենքում կայացել էր Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների բնակիչների ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում նրա կողմից հանձնարարական էր տրվել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին ձեռնամուխ լինել առաջ քաշված հարցերի լուծմանը, եւ ձեռք բերվեց ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն, որ ՀՀ ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո կկազմակերպվի կրկին հանդիպում եւ արդարացի լուծում կտրվի բարձրացված հարցերին: Սակայն ինչպես տեսնում եք ոչինչ չի արված»,- դժգոհում է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը:
Վարչապետին ուղղված նամակում բնակիչները մասնավորապես նշում են. «Առաջին հանդիպումից անցել է 7 ամիս, սակայն բարձրացված հարցերը` այն է` Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների ուժային մեթոդներով տեղահանված եւ չնչին փոխհատուցումների դիմաց սեփականության իրավունքից զրկված քաղաքացիների հարցը, Եզնիկ Կողբացի, Աղբյուր Սերոբի հասցեներում տասնյակ տարիներ բնակվող բնակիչների կացարանների սեփականաշնորհման հարցը, մնացել են չլուծված»:
Ի դեպ, բնակիչները այս ամիսների ընթացքում եւս 4 նամակ եւ մեկ հեռագիր են հղել վարչապետին, սակայն ոչ մեկը չի գտել արձագանք: Անպատասխան են մնացել նաեւ քաղաքապետարանին ուղղված դիմումները:
