ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժորժ Կոլոմբիե. «Հայաստանյան ընտրությունները չպետք է նմանվեն Ռուսաստանի ընտրություններին»
Հայաստանյան ընտրությունները չպետք է նմանվեն Ռուսաստանի ընտրություններին, այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով նոր համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն:
«Ցանկանում եմ, որ Հայաստանի նախագահի ընտրություններն այնպես չընթանան, ինչպես Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները: Ըստ արեւմտյան դիտորդների՝ Դումայի ընտրությունները հավասար պայմաններում չեն ընթացել»,- - կարծիք հայտնեց ֆրանսիացի պատգամավորը:
«Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ դրանից հետո հանդիպածս քաղաքական ուժերին ասել եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ առաջիկա ընտրությունները Հայաստանում ավելի լավ ընթանան, քան 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ասում են, թե վատ չեն անցել այդ ընտրությունները, բայց ամեն ինչ պետք է անել, որպեսզի փետրվարի 19--ի ընտրությունները էլ ավելի բարելավվեն»,- - ասել է Կոլոմբիեն:
Այսօր նա հանդիպել է Հայաստանի վարչապետին եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին: Ավելի ուշ սպասվում են համազեկուցողի հանդիպումները Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ:
Դեկտեմբերի կեսերին համազեկուցողները Հայաստանի վերաբերյալ բանավոր զեկույց կներկայացնեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում:
Ռուզան Խաչատրյան
