ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թուրքերը չեն ուզում պիտակավորվել
Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ասաց, որ Թուրքիայում իրականությունը անմխիթար է այն պատճառով, որ ոչ մի կուսակցություն չի ներկայացնում Հայաստանի հետ հարաբերությունների երկրի իշխանությունների մոտեցմանը այլընտրանքային առաջարկ: Միայն լավատեսության դեպքում կարելի է հույս ունենալ, որ Թուրքիայում ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերություններում դրական քայլեր կլինեն, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը:
Իհարկե կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները երկու աննախադեպ հայտարարություն արել են. 2002-ի հոկտեմբերին ընտրություններից առաջ կուսակցության երրորդ դեմքը` Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերություններում պետք է մի կողմ թողնել քաղաքականությունը եւ հենվել տնտեսական շահերի վրա: Սա կարող էր Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհ դառնալ, բայց իշխանության գալուց հետո նրան մոռացան կամ հրաժարվեցին այս հայտարարությունից, հայտարարեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Մյուսը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն էր 2005 թվականին: Էրդողանը շեղվելով հայերի ցեղասպանությունը վերաբերյալ 20-րդ դարի 20-ական թվականներից եկող ժխտողական քաղաքականություից առաջարկեց հայ եւ թուրք պատմաբանների միջոցով պարզել. ցեղասպանություն եղել է, թե ոչ: Այս առաջարկն էլ ընթացք չունեցավ հայ պատմաբանների բացասական պատասխանի պատճառով: Իսկ ընդհանրապես, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, թուրքերը հրաժարվում են ցեղասպանությունը ճանաչել հիմնականում այն պատճառով, որ չեն ուզում իրենց վրա վերցնել ցեղասպանություն կատարած ժողովրդի պիտակը: Ցեղասպանությունը չճանաչելու պատճառ է նաեւ որոշակի անորոշությունը, Հայասանի դեռ չի ասել, թե ինչ է պահանջելու, եթե Թուրքիան ճանաչի հայերի ցեղասպանությունը, հայտարարեց թուրքագետը:
Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի արած քայլերը ճիշտ են, կարծում է բանախոսը: Հայաստանը դեռ 1992 թվականից առաջարկում է առանց նախապայմանների հարաբերություններ ձեւավորել: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, սա ամենապարզ եւ ամենատրամաբանական դաշտն է, ուր կարող են լինել հարաբերություններ: Սակայն Թուրքիան մոտավորապես նույն ժամանակներից վարում է Հարավային կովկասը պառակտելու քաղաքականություն «նպատակ ունենալով իր շուրջ ստեղծել կրտսեր դաշնակիցների խումբ, որի մեջ կլինեն Վրաստանն ու Ադրբեջանը»: Այս քաղաքականությունը սակայն ձեռնտու չէ, որ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ ԵՄ-ին եւ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ այս ծրագիրը Թուրքիան դժվարությամբ կյանքի կկոչի: Առավել եւս որ ԵՄ անդամության ճանապարհին Թուրքիան վերցրել է հարեւանների հետ հարաբերությունները նորմալացնելու պարտավորությունը, որը սակայն առայսօր խախտում է: Փոխարենը Թուրքիան կհաջողի տապալել ԱՄՆ կոնգրեսում հայերի ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող նախագծի ընդունումը, ինչպես հաջողել է մինչ այս, հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
