Զբոսաշրջության համար պետք է մարզերն էլ զարգացնել

Հուլիսի 27-ին «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում զբոսաշրջության որակի եւ մակարդակի մասին ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը եւ ռուսահայ գործարար Միխաիլ Բաղդասարովը միաբերան հայտարարեցին, որ Հայաստանը պետք է զարգացնի զբոսաշրջությունը, սա դժվար չէ եւ կա համապատասխան ներուժ:

Միխաիլ Բաղդասարովը կարծում է, որ Հայաստանում էժան մակարդակի բայց թանկարժեք զբոսաշրջություն է այսօր առաջարկվում, ինչը անցողիկ է. կլինի մրցակցություն, գները կիջնեն, որակը կբարձրանա: Վահագն Հովնանյանն էլ է կարծում, որ առանց մրցակցության որակական փոփոխությունների մասին չարժե խոսել: Երկու բանախոսներն էլ վստահ են, որ այսօր Հայաստանը գրավում է, ոչ միայն ազգությամբ հայերին, այլ նաեւ` օտարերկրացիներին: Վահագն Հովնանյանը կարծում է, որ Հայաստանը ավելի հետաքրքիր երկիր է, քան Հունաստանը, Եգիտպոսը, Իսրայելը, պարզապես նրանք գովազդում են իրենց երկիրը, մենք` դեռ ոչ: Զբոսաշրջության զարգացման համար Միխաիլ Բաղդասարովը առաջարկում է ինչպես զբոսաշրջության, այնպես էլ այս ոլորտին առնչվող ծառայությունների ոլորտների համապասխան մասնագետներ պատրաստող կրթական ծրագրեր իրականացնել` վասն որակի բարձրացման: Նաեւ զարգացնել հյուրանոցային համակարգը: Միխաիլ Բաղդասարովը նկատեց, որ եթե Հայաստանից դուրս ապրող հայերը 10 տոկոսը գա Հայաստան, այժմ գործող հյուրանոցները չեն բավականացնի:

Երկու բանախոսներն էլ, որ բացի զբոսաշրջությունից այլ ոլորտներում էլ բիզնես շահեր ունեն, հայտարարեցին, որ դոլարի անկումը հսկայական վնասներ է բերում: Վահագն Հովնանյանը կարծում է, որ այս վիճակը կշտկվի, բայց այսպես չի կարելի առաջ գնալ եւ պետք է լուծումներ գտնել այսօր: Միխաիլ Բաղդասարովն էլ հայտարարեց, որ Հայաստանում դոլարը 10 տարի անհիմն արժեւորվում էր, հիմա անհիմն արժեզրկվում է: Ըստ նրա լավ կլինի, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտի այս վիճակին եւ ամեն ինչ այսքան ցավոտ չլինի:

Միխայիլ Բաղդասարովը ավիափոխադրումների հայկական շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արմավիա» ընկերության սեփականատերն է եւ հայտարարեց, որ ընկերությունը տարեկան 0.6 ուղեւորների աճ ունի, նորմալ զարգանում է եւ մտնում ավիացիայի եվրոպական ընտանիք: Ըստ Միխաիլ Բաղդասարովի, ընկերության չվերթների ուշացումների միայն 0.5 տոկոսն է ավիաընկերության մեղքով: Բաղդասարովը վստահ հայտարարեց, որ «Արմավիայի» ցուցանիշները շատ ավելի լավն են քան ռուսական ու նաեւ եվրոպական որոշ ավիաընկերություններինը:

Միխաիլ Բաղդասարովը տեղեկացրեց, որ այս պահին ընկերությունը ունի 7 ինքնաթիռ, մինչեւ 2008 թվականի փետրվար-մարտ կգնի եւս երկու Այրբաս` A320, իսկ մինչեւ 2011 թվականը մեկ A330: Բացի սրանից, ընկերությունը նոր ուղղություններով չվերթներ է բացել եւ բացելու: Արդեն գործում է Երեւան-Քյոլնը: Շուտով կսկսվի Երեւան-Պեկինը, չի բացառվում Երեւան-Տոկիոն: «Արմավիան» պատրաստ է առանց վայրէջքի թռիչքներ իրականացնել նաեւ Երեւան-Լոս-Անջելես ուղղությամբ: ԱՄՆ դեմ չէ եւ այժմ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը այս հարցով բանակցում է ամերիկյան կողմի հետ:

«Արմավիայի» սեփականատերը ասաց, նաեւ որ շուտով բացվելու է «Արմավիա-տեխնիկ» ընկերությունը, որը կվերանորոգի ոչ միայն «Արմավիայի» այլ ուրիշ ընկերությունների ինքնաթիռները եւս: Իսկ մոտ ապագայում հնարավոր կդառնա «Արմավիայի» չվերթների տոմսերը գնել նաեւ ինտերնետով: Վահագն Հովնանյանը վստահ է, որ զբոսաշրջության համար հարկ է զարգացնել ոչ միայն Երեւանը, այլ նաեւ` մարզերը: