Ինչպես են տնօրինելու գեներալի որդու ճակատագիրը

Հուլիսի 25-ին Երեւանում տեղի է ունեցել գլխավոր դատախազության կոլեգիայի
ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել է դատախազության 2007 թվականի առաջին
կիսամյակի աշխատանքի հաշվետվությունը: Դրանից հետո Գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել Հայաստանում
նախկինում եւ ներկայումս տեղի ունեցած աղմկոտ սպանություններին ու միջադեպերին:
Աղվան Հովսեփյանը մասնավորապես ասել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին
ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Ստեփան Զատիկյանի սպանությունը բացահայտված է եւ
հայտնի են սպանության բոլոր մասնակիցները: Աղվան Հովսեփյանի խոսքով, այժմ աշխատանք
է կատարվում սպանության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: «Այսօր մենք
ունենք թե կատարողները եւ թե պատվիրատուների վերաբերյալ տվյալներ, որոնք հիմք են
տալիս ասելու, որ հանցագործության շարժառիթը եղել է անձնական, ոչ բարյացկամ
հարաբերությունները: Որը հետագայում բերել է հանցագործություն կատարող անձանց
շրջանակի, որոնք էլ իրականացրել են այդ սպանությունը: Քննությամբ ձեռք են բերվել
ապացույցներ, որ վճարվել է 30 հազար դոլար, շուրջ 30 հազար դոլար», հայտարարել է
Աղվան Հովսեփյանը:

Նորություն կա նաեւ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության
պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով: Մինչդ այդ, գլխավոր դատախազության
կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում դատախազության հատուկ կարեւորության գործերով
քննչական վարչության պետը հայտարարեց, որ կա ձերբակալված` Հայկ Իսրայելյան անուն
ազգանունով: Իսրայելյանը կապ ունի նաեւ մի քանի տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ
աղմկոտ սպանության հետ, որը տեղի էր ունեցել Երեւանում, Հայէկոնոմբանկի Արաբկիրի
մասնաճյուղի դիմաց: Խոսքը քրեական հեղինակություն կիովականցի Գոգայի սպանության
մասին է: Պարզվում է, որ Իսրայելյանը նաեւ կիրովականցի Գոգայի սպանության
իրականացնողն է: «Դուք գիտեք, որ, արդեն գիտեք, որ Շահեն Հովասափյանի սպանության
գծով մենք ունեինք կալանավորված անձ, որին մեղադրանք էր առաջադրվել: Տարիներ առաջ
Երեւան քաղաքում կատարված սպանության դեպքով մենք ֆատի էինք տվել եւ դատապարտվել էր
մի անձ, եթե հիշում եք, դա կիրովականցի Գոգայի սպանությունն է, հանցավոր աշխարհի
ներկայացուցիչ: Եվ այդ սպանությունը կատարելու համար դատի էր տրվել անձ, որն այժմ
կրում է պատիժ: Նախաքննության ընթացքում մենք նոր երեւան եկած հանգամանքներով
վարույթ հարուցեցինք եւ վարույթը իրականացվեց կարեւորագույն գործերով քննիչների
կողմից, հիմնավորվեց, որ այդ սպանության կատարողը, անմիջական կատարողը հենց Հայկ
Իսրայելյանն է», ասում է գլխավոր դատախազը:

Նա ասում է, որ ներկայումս, Գոգայի սպանության գործով պատիժ կրող անձը, որը
համակատարողն է Գոգայի սպանության, պարզապես իր վրա է վերցրել ամբողջ սպանությունը:
«Նույնիսկ հագուստները այնպես էր ներկայացրել, Հայկ Իսրայելյկանի հագուստները
ներկայացրել էր որպես իր հագուստներ, քանի որ վկաներ կային, որ նշում էին, որ
կրակողը եղել է ասենք համապատասխան հագուստներով: Բայց երբ որ մենք հետաքննություն
անցկացրեցինք հագուստներով, ասենք, այնտեղ մազ էին հայտնաբերել եւ մնացած օրգանական
նյութերով, պարզվեց, որ դրանք համապատասխանում են Հայկ Իսրայելյանին: Ուղղակի
նախաքննական մարմինը նախկինում, քանի որ ինքը խոստովանել էր, ամբողջական
ցուցմունքներ էր տվել սպանության կատարման հանգամանքների վերաբերյալ, չէին կարող
կասկածել, որ հնարավոր է, որ ուրիշ անձ կատարած լինի: Մենք նոր երեւան եկած
հանգամանքներով բողոք բերեցինք վճռաբեկ դատարան: Արդեն վճռաբեկ դատարանը որոշում է
կայացրել դատավճիռը բեկանելու մասին, նոր ձեռք բերված ապացույցներով մենք դատի
կտանք արդեն այդ երկու անձին, սպանության կատարման համար` անմիջական կատարողին եւ
բնական է, օժանդակողին», ասում է Աղվան Հովսեփյանը:

Իսկ նրա տեղակալ Մնացական Սարգսյանն էլ անդրադառնալով օրերս գեներալ Մանվել
Գրիգորյանի որդու արարքի կապակցությամբ հնչած հարցին, ասել է, որ գլխավոր դատախազի
հրահանգով Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը նոյւթեր է նախապատրաստում
պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի
արարքի կապակցությամբ: Հայաստանի մամուլն օրերս գրել էր տեղեկություն այն մասին, որ
գեներալ Մանվելի որդին եւ նրա ընկերը Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում դաժան
ծեծի են ենթարկել ՀՀ պետական փրկարարական ծառայության տեսուչ, 33-ամյա Կառլեն
Արմենի Գալստյանին, այն բանի համար, որ իրենց դուր չի եկել, թե ինչպես է Գալստյանը
նայում գեներալ Մանվելի հարսին` Կարեն Գրիգորյանի կնոջը:

«Ուրեմն ասեմ, որ հայտարարությունն ընդունված է, նախապատրաստվում են նյութեր եւ այդ
առումով գլխավոր դատախազի կողմից հանձնարարական է տրված Մալաթիայի համայնքի
դատախազությանը, որպեսզի անմիջական հսկողություն իրականացնեն տվյալ գործի բոլոր
հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Գործը դեռեւս երկու-երեք օր է, որ ընթացքի
մեջ է, եթե լրացուցիչ եթե հարցադրումներ կատարեք, մենք մեր մամուլի քարտռուղարի
միջոցով անպայման կտեղեկացնենք ընթացքի մասին», ասում է Գլխավոր դատախազի տեղակալ
Մնացական Սարգսյանը: