Դեմ է միայն ընդդեմին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը հուլիսի 19-ին Երեւանում հայտարարել է, որ ընդդիմության միասնական թեկնածուն պետք է կարողանա ծրագիր իրականացնել, եթե դա միայն լինելու է ընդդեմ ինչ որ բանի, ապա Դեմոկրատական կուսակցությունը դեմ է այդօրինակ միասնությանը: «Եթե դա լինելու է միայն ընդդեմ, այսինքն այսօր հեռացնենք այսօրվա իշխանությանը, հետո տեսնենք ինչ կլինի, ես համարում եմ, որ դրա ժամանակն արդեն անցել է», ասում է Արամ Գասպարի Սարգսյանը: Նա կարծում է, որ այս իշխանությանը մեկ այլընտրանք կա` «լրիվ նոր, այլ քաղաքական գիծը»: Դեմկուսը որպես երկրի զարգացման նոր քաղաքական գիծ առաջարկում է դեմոկրատական սոցիալիզմի գաղափարը:

«Անձերն այս պահին նշանակություն չունեն: Նրանք, ովքեր վեր են կացել եւ արդեն հայտարարել են, որ իրենք միակն են, անկրկնելի են, դա իրենց խնդիրն է: Իրենք էլ թող որոշեն եւ գտնեն այնպիսիներին, որոնք կհամարեն, որ նրանք անկրկնելի են: Ես կարծում եմ, որ դա միամիտ, երեխայական խաղ է սկսված: Ճիշտ կլիներ, երբ որ աշնանը բոլոր կուսակցություններով որոշումներն ընդունեին, կուսակցություններն իրար հետ համապատասխան բանակցություններ վարեին եւ ոչ թե մարդ ինքն իրեն այդպես ներկայացներ, որ ինքը ամենաարժանին է, այլ ժողովուրդը կընտրեր, թե լավագույնը որն է», ասում է Արամ Գասպարի Սարգսյանը:

Արամ Գասպարի Սարգսյանը խնդրել է նաեւ ուշադրություն դարձնել ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ իշխանության ճամբարում տեղի ունեցող խմորումներին: Արամ Սարգսյանը կասկածից վեր է համարել, որ Հանրապետական կուսակցությունը առաջարկելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն նա այդքան էլ միարժեք չի համարել, որ Սերժ Սարգսյանը լինելու իշխանության ճամբարի միակ թեկնածուն: «Բայց ես դեռ չգիտեմ, նախագահական թեւում, այսինքն իշխանական թեւում, այլեւս ուրիշ թեկնածու չի առաջադրվելու՞», հարցնում է Արամ Գասպարի Սարգսյանը: «Եթե հանկարծ Դաշնակցության թեկնածուն լինի ոչ թե հենց զուտ Դաշնակցության անդամ, այլ որեւէ ձեզ հայտնի անձ, այդ դեպքում արդեն ավելի լուրջ հետեւություններ կարող ենք անբել: Դուք կտեսնեք մի ուրիշ ուղղություն այսօրվա վերնախավի քաղաքականության մեջ: Մի տարբերակը այն է, որ իրենք առաջդրեն իրենց կուսակցին, երկրորդը, որ իրենք պաշտպանեն մի անձի, որը Սերժ Սարգսյանը չէ, բայց դա նշանակում է, որ մրցակից է Սերժ Սարգսյանին», ասում է Արամ Գասպարի Սարգսյանը: