ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժողովուրդը դժգոհ է կրթության որակից
Այս տարի նշանակվել է 25 719 ընդունելության քննություն պետական բուհերի համար, ամեն օր կենսաբանությունից 124, հայժողպատմությունից` 100, մաթեմատիկայից` 340, ֆիզիկայից` 183, քիմիայից` 104 քննություն է հանձնվում, հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարության տվյալներով, նվազել է Երեւանի պետական համալսարան եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դիմողների քանակը, աճել` մանկավարժական, լեզուների, տնտեսագիտական համալսարանների դիմողների քանակը: Երեւանցի դիմորդների շրջանում հարգի են լեզուներ, իրավագիտություն, տնտեսագիտություն, բժշկություն մասնագիտությունները: Մարզերի բնակիչները քիչ են դիմում ԵՊՀ, Վայոց ձորի մարզից հատկապես. ԵՊՀ կենսաբանություն մասնագիտության գծով Վայոց ձորից ոչ մի դիմում չկա: Կոտայքի մարզում մեծ հարգանք վայող կիրառական մաթեմատիկա առարկայի գծով այս տարի նկատվում է այս մարզից դիմողների նվազում: Աճել է արարատցի, արմավիրցի դիմորդների քանակը:
Ըստ նախարարի, առանձին մասնագիտությունների գծով` իրավագիտություն, միջազգային հարաբերություններ եւ այլն, նվազումը պայմանավորված է աշխատաշուկայի հագեցվածությամբ, իսկ ընդհանրապես դիմորդների քանակը նվազել է, որովհետեւ նվազել է հենց այնպես բուհ դիմողների քանակը: Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, նաեւ, որ մարզերից երեւանյան բուհեր դիմողների քանակը աճը չի բերել մարզերում գնտվող բուհերի դիմորդների քանակի նվազման: Պարզապես հայոց լեզվի կենտրոնացված քննությունից հետո, որոնք անցկացվել են նաեւ մարզերում, շատ աշակերտներ են որոշել բուհ դիմել: Ընդամենը մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Կրթության վերափոխումները Հայաստանում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները հենվելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա եզրակացրեցին, որ Հայաստանում նվազում է կրթության նկատմամբ հետաքրքրությունը, աճում է դպրոց չհաճախող երեխաների թիվը եւ այլն: Սա կարո՞ղ է լինել դիմորդների քանակի նվազման պատճառ, հարցրեցինք Լեւոն Մկրտչյանին, ով ներկա էր նշված զեկույցի շնորհանդեսին: Լեւոն Մկրտչյանը չհամաձայնեց ՄԱԿ-ի փորձագետների գնահատականների հետ: «Մենք չենք նկատում կրթության նկատմամբ հետաքրքրության անկում: Հասարակությունը պատրաստ է ֆինանսավորել մասնավոր բուհական համակարգը: Եթե հասարակությանը չհետաքրքրեր կրթությունը, մասնավոր բուհական համակարգի այս մեծ ցանցը, կրթական վերապատրաստման ծրագրերը, որ աշխատում են հասարակությունից գանձվող գումարներով` չէին լինի», հայտարարեց Լեւոն Մկրտչյանը, հավելելով, որ մեծացել է հոսքը ոչ միայն դեպի բուհեր, այլ նաեւ դեպի միջին մասնագիտական հաստատություններ եւ Հայաստանից դուրս սովորելու հարցում: Միակ մտահոգությունը. «ժողովուրդը դժգոհ է կրթության որակից: Եթե վճարում են, պիտի դրան համարժեք որակ ստանան»: Այս խնդիրը լուծելու համար ստեղծվելու է կրթության որակի ազգային կենտրոնը:
2007-ի ընդունելության քննությունները կավարտվեն օգոստոսի 10-ին, իսկ ողջ գործընթացը բողոքարկումներ եւ այլն, մինչեւ օգոստոսի 20-ը:
