ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՏԻՀ-ն շարունակում է բողոքել Երեւանի քաղաքապետարանից
Հուլիսի 10-ին Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Ավետիք Մկրտչյանն ու պրոռեկտոր Սիմոն Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքում էին Երեւանի քաղաքապետարանից. համալսարանի հարակից հողերը վաճառվում են, հետո շենքեր կառուցվում, արդյունքում համալսարանը հայտնվում է պաշարված վիճակում: ԵՏԻՀ ղեկավարությունը հարկ է համարել մեկ շաբաթ անց կրկին բարձրաձայնել նույն հարցի մասին, այս անգամ «Տեսակետ» ակումբում:
1990 թվականից գործող բուհը 1998 թվականից ունի սեփական շենք Երեւանի քաղաքապատանի դիմաց` Գլաձոր համալսարանի եւ Երեւանի գինու կոմբինատի հարեւանությամբ: ԵՏԻՀ-ը շենքին հարող 1400 քմ ամայի տարածքում, որը ժամանակի հետ վերածվել էր աղբանոցի, բուհը կառուցել է լաբորատորիաներ, տպագրատուն, կաթսայատուն նաեւ փոքրիկ այգի: 1998 թվականից առայսօր ԵՏԻՀ-ն այս 1400 քմ-ն սեփականաշնորհելու բազմաթիվ դիմումներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան եւ մնացել անպատասխան: Նաեւ դիմել է ՀՀ կառավարություն, նախագահին եւ էլի մնացել անպատասխան: Այս ընթացքում գինու կոմբինատը ԵՏԻՀ պատուհաններից ընդամենը 30 սմ հեռավորության վրա պարիսպ է կառուցել եւ փակել լույսի մուտքը: Շենքի մյուս կողմում կառուցվել է Մոսկվայի տունը, եւ էլի փակվել է համալսարանի ստորին հարկերի բնական լուսավորության ճանապարհը: Հիմա էլ Երեւանի քաղաքապետարանը նշված 1400 քմ վաճառել է 13 հարկանի շենք կառուցելու պայմանով: Ըստ ԵՏԻՀ ունեցած տեղեկությունների, տարածք վաճառվել է «Էլիտ-գրուպ» ընկերությանը: ԵՏԻՀ-ում կարծում են, որ 13 հարկանի շենք կառուցելու պայմանը միտումնավոր է դրվել, որ տարածքը համալսարանին բաժին չհասնի: Մինչդեռ 13 հարկանի շենք կառուցելու դեպքում «կխախտվի բուհի շենքի համար պարտադիր համարվող լուսավորության նորմերը, կոչնչանա կրթահամալիրի համար բազա հանդիսացող լաբորատորիան, կդադարեցվեն տպագրական աշխատանքները, շենքի ջեռուցումը, համալսարանին դնելով ոչ լիարժեք, անկենսունակ վիճակի մեջ»: Բուհը փորձել է հարցի իր համար դրական լուծման հասնել դատարանի միջոցով, սակայն ՀՀ տնտեսական դատարանը Լարիսա Սոսյանի նախագահությամբ մերժել է հայցը: Այժմ ԵՏԻՀ-ը դիմելու է վճռաբեկ դատարան ու ճարահատ դիմում է նաեւ 4-րդ իշխանությանը:
ԵՏԻՀ ղեկավարության կարծիքով քաղաքապետարանը մտածում է միայն վաճառելու մասին, մի կողմ թողնելով կրթությունն ու գիտությունը:
