ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին
Հուլիսի 17-ին «Փաստարկ» ակումբի հյուրն էր Հայաստանի ազատական, առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով հայտարարեց, որ նոր ասելիք չկա, 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ քաղաքական դաշտում հին մեթոդներով եւ մոտեցումներով գործողություններ ծավալել չի լինի «մենք ենք ամենալավն ու ամենաուժեղը» մոտեցումը սխալ է եւ մաշված, մասնատված, փոքր, ամբիցիոզ կուսակցություններով քաղաքական դաշտը չի կայանա, ՀԱԱԿ նախագահը կարծում է, որ քաղաքական դաշտի կայունացումը կարեւոր է, ոչ միայն կուսակցությունների, այլ պետության եւ հասարակության համար, սակայն իշխանությունները ճիշտ հակառակ են անում` քանդում են քաղաքական դաշտը:
Ըստ բանախոսի, ամեն ընտրությունից առաջ «իշխանությունները կինդեր-սյուրպրիզ են ծնում եւ խառնում քաղաքական դաշտը»: Եվ ամեն ընտրությունից հետո հասարակությունը «մոզաիկայի նման հատիկ-հատիկ հավաքում, տեսքի է բերում դաշտը», սակայն իշխանությունը կրկին ընտրություններից առաջ այն քանդում է: Միակ հույսը, որ «կինդեր-սյուրպրիզներ ծնելու նրանց ռեսուրսն էլ է սպառվում»:
Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ այս իշխանությունները ոչ միայն քաղաքական դաշտն են պարբերաբար քանդում, այլ իրենց պահվածքով «երկիրը դարձրել են բանդիտի երկիր, ազգային ոչինչ չեն թողել, միայն փող: Փողին ենթարկվող ազգ ենք դարձել: Երեխաները ախրաննիկ-ախրաննիկ են խաղում, կամ բանկիր-բանկիր: Սպառող ազգ են դարձել: Աշխատում ենք ունիտազի համար»: Սակայն Հովհաննես Հովհաննիսյանը գիտի, որ հասարակությունը ուզում է արդարություն, որ իրենն չճնշեն, որ կոռուպցիա, հովանավորչություն, կաշառակերություն չլինի: ՀԱԱԿ նախագահը կարծում է, որ այս հարցերի պատասխանը պիտի տա 2008-ի ընտրություններում նախագահի թենկածու առաջադրվողը: Նաեւ վստահ է, որ ամենակայացած ու ամենախելոք քաղաքական գործիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով «պարտավոր է առաջադրվել, այս իրավիճակում իրավունք չունի լռել: Ունի առաջադրվելու քաղաքական եւ բարոյական իրավունք»: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ավելի մեծ շանսեր ունի, քանի Վազգեն Մանուկյանը, նաեւ այն պատճառով որ «մեր հասարակությունը որ մեկին շոշափում է նրա նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է»: Լեւոն Տեր-Պետրոսյանը այլ առավելություն էլ ունի. նրա նախագահության օրոք լուծվել են մի շարք ֆունդամենտալ հարցեր, իսկ նրա հրաժարականից հետո` վերջին 10 տարում ոչ մի ֆունդամենտալ հարց չի լուծվել` Ղարաբաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, տարածաշրջանային համագործակցություն եւ այլն, հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի հայտարարել, որ առաջադրվելու է 2008-ի նախագահական ընտրություններում եւ այդ պայմաններում նրան միակ արժանի համարելը նշանակում է անուղղակի աջակցություն Սերժ Սարգսյանին, օրերս նման հայտարարություն էր արել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ այս հայտարարության մեջ տրամաբանություն կա:
Իսկ եթե առաջադրվեն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ապա Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի առաջինին:
Առաջիկա նախագահական ընտրությունը ամենալուրջ քաղաքական պրոցեսն է լինելու: ՀԱԱԿ նախագահը կարծում է, որ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից եւ Ռոբերտ Քոչարյանից, բայց «անկհայտ չէ այլընտրանքը, որ հասարակությունը կարողանա որոշում կայացնել»: Էլ ավելի ցավալի իրողություն. «մարդկանց 60-70 տոկոսը անտարբեր է երկրի քաղաքական իշխանության ձեւավորման հարցին, քանի որ այդ իշխանության հետ չի կապում իր ապագան: Կապում է այն երկրի հետ, որտեղից դրամական օգնությունն են ուղարկում իրեն»: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ եթե մի երկու ամիս Հայաստանի բնակչները դրսից դրամական օգնություն չստանան, դա կբերի սոցիալական խնդիրների եւ ի վերջո` քաղաքական կոլլապսի:
Ասուլիսի ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանը հրաժարվեց խոսել ՀԱԱԿ ներսում անառողջ զարգացումների մասին: ՀԱԱԿ ներսում ձեւավորված երկու թեւերը համաձայնության են եկել չխոսել մինչեւ 2007-ի սեպտեմբեր` կուսակցության հերթական համագումար:
