ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանից ավելի արդյունավետ ենք
Եվրոպական կառույցներում Հայաստանի պատվիրակության աշխատանքը ավելի արդյունավետ ու հաջող է, քան Ադրբեջանինը: Այդ մասին հուլիսի 13-ին Երեւանում հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Թորոսյանը դա ասել է մասնավորապես այն կառույցների առումով, որոնք խորհրդարանական ոլորտից են եւ որոնց առնչվում են խորհրդարանական պատվիրակությունները: Ազգային Ժողովի նախագահը նաեւ նշել է, որ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ եւ ՆԱՏՕ ԽՎ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների ղեկավարների անունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ որոշում կայացվի:
Տիգրան Թորոսյանը միաժամանակ սովորական եւ հասկանալի է համարել Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը չճանաչելու մասին հայտարարությունները, որ անում են միջազգային, մասնավորապես եվրոպական կառույցները: «Եթե կա քաղաքականություն չճանաչել չճանաչված հանրապետությունների ընտրությունները, ապա ինչու պետք է ճանաչեն Ղարաբաղի ընտրությունները», հարցնում է Տիգրան Թորոսյանը: Մյուս կողմից նա այդ հայտարարությունները համարում է հերթապահ, որոնք հնչում են չճանաչված պետություններում ընտրությունների ժամանակ, նշելով, թե այդ հայտարարության հեղինակ կազմակերպությունների ներկայացուցիչները այդուամենայնիվ հանդիպում են հենց ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանություններին: Խորհրդարանի ղեկավարը անընդունելի է համարել նաեւ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարություններ անող եվրոպացի պաշտոնյաների հասցեին հայհոյական մեկնաբանությունները: Այդպիսին հնչել էր Ղարաբաղից, որի խորհրդարանի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը ԵԽԽՎ քարտուղար Թերի Դեւիսին համարել էր թերի մարդ եւ ասել, որ նա պատկերացում չունի իրավիճակից:
Տիգրան Թորոսյանն ասում է, թե ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը, եւ այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում, բայց անցած 19 տարիները թերեւս պետք է բավարար լինեին հասկանալու համար, որ հայհոյական արտահայտություններով անհնար է որեւէ հարցի լուծման հասնել: Սակայն այդ մասին նշող Տիգրան Թորոսյանն ասում է, որ եթե հայհոյական բառապաշար են ցուցաբերում Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից շատերը, ապա Ղարաբաղի պատգամավորներին մեղադրելու հիմք չկա:
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը միաժամանակ նաեւ դրվատանքի խոսք է ասել Դեւիսի հասցեին, նշելով, որ երբ Դեւիսն էր Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողը, ապա նրա պատրաստած բանաձեւի մեջ տեղ գտան դրույթներ, որոնք տեղ չունեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ որեւէ փաստաթղթում: Այդ դրույթներն են այն, որ Ղարաբաղը կարող է անկախանալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով, եւ այն, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը չի կարող իր կազմ ընդունել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրից անջատված միավորին: Տիգրան Թորոսյանը դրանք համարում է շատ կարեւոր դրույթներ:
