Րաֆֆի Հովհաննիսյանը ունի նախագահի թեկնածու առաջադրվելու հիմքեր

Թալինի թիվ 15ընտրատարածքում ՀՀ ԱԺ կրկնական ընտրություններում առաջադրված են ինչպես իշխանական ՀՀԿ եւ ԲՀԿ անդամներ, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Վարդան Խաչատրյանը եւ Սյոպա Սաֆարյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ «Հայացք» ակումբում հայտարարեցին, որ թիվ 15 ընտրատարածքում դեռ քարոզաշավը չսկսած սկսվել է իշխանական լծակների գործադրումը հանուն իշխանության նախընտրելի թեկնածուի: Վարդան Խաչատրյանը, հրաժարվելով անուններ տալ, տեղեկացրեց որ թիվ 15 ընտրատարածքում գտնվող գյուղերի գյուղապետերին եւ դպրոցների տնօրեններին արդեն հրահանգ է իջեցված:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը այս տարածքի բնակչության մեջ եւ սպասում է արթնացրել եւ վերելք. «ժողովուրդը ունի այլընտրանքային թեկնածու ընտրելու հնարավորություն»: Վարդան Խաչատրյանը հույս ունի, որ իրենց աշխատանքը հաղթանակ կբերի եւ ընտրապայքարում ակնկալում է ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը:

2008-ի նախագահական ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է, կարծում է Վարդան Խաչատրյանը: Իսկ «Ժառանգությունը» կողմ է ընդդիմադիր լայն միասնական դաշտ ձեւավորելուն, միասնական թեկնածուն էլ պետք է համապատասխանի որոշակի քաղաքագիտական չափանիշների, լինի իշխանություններին այլընտրանք: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, նման արժանավորներ շատ կան: «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր առաջադրման հարցի մասին: Ըստ պաշտոնական` փաստաթղթային ձեւակերպումների Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացի է 2001 թվականից` չունի նախագահ դառնալու համար նվազագույնը 10 տարվա ՀՀ քաղաքացիություն: «Նրա քաղաքացիությունը կամայականությունների դաշտում չի հերիքում, օրինականության դաշտում լիովին բավարարում է», հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թվականից ութ անգամ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար եւ մնացել անպատասխան: Իսկ 2001 թվականի տրված քաղաքացիության մասին նախագահի հրամանագրում նշված է Կալիֆորնիա քաղաքի բնակիչ: Մեր` երկիր մոլորակում չկա Կալիֆորնիա անունով քաղաք: Կուսակցությունում կարծում են, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացի չլիներ իրավունք չէր ունենա ՄԱԿ-ում բարձրացնել Հայաստանի պետական դրոշը, Հայաստանի անունից կնքել միջազգային պայմանագրեր եւ այլն:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման հիմքերի առկայության հարցը փակված համարենք, առաջարկեցին «Ժառանգության» ներկայացուցիչները եւ նշեցին, եթե 2008 թվականին Հայաստանի նախագահի ընտրությունը բախտորոշ է լինելու եւ եթե չանցնի միջազգային չափանիշներին համապատասխան` խնդիր ենք ունենալու: