ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առյուծի բաժինը երեքին
Երեւանի Մամուլի ակումբը հուլիսի 10-ին ներկայացրել է խորհրդարանի ընտրության նախընտրական արշավի լուսաբանման պատկերը, որը դիտարկել է «ԹԻՄ» կենտրոնի հետ, բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ: Դիտարկման արդյունքը ցույց է տալիս, որ օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցներն ապահովել են ավելի բարձր մակարդակի բազմակարծություն, քան դրան նախորդած ամիսներին: ախընտրական քարոզչության առաջին կեսին հեռուստաընկերությունները ապահովում էին մասնակից ուժերի հավասարաչափ եւ հավասարակշիռ լուսաբանում, իսկ ահա ընտրության օրվա մոտենալուն զուգահեռ «նշանային բնութագրիչ հիշատակումների բաժինն էականորեն աճեց»: «Ընդսմին, հեռուստաընկերությունների վրա ազդելու հայտնի լծակներ ունեցող երեք կուսակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ դեպքում հիշատակումների հաշվեկշիռն ընդգծված դրական էր, իսկ ընդդիմադիր ՕԵԿ դեպքում խիստ բացասական: Այլ երեք ընդդիմադիր կուսակցություն/դաշինք` «Հանրապետություն», «Նոր Ժամանակներ»եւ «Իմպիչմենտ», տասնյակ անգամներ ավելի քիչ լուսաբանում են ստացել, քան ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ, չնայած իրենց ակտիվ քարոզչական արշավին», ասված է դիտարկման խմբի զեկույցի մեջ:
Դիտարկման արդյունքի եզրակացությունն այն է, որ ընտրությունների լուսաբանումը դեռեւս հեռու է միջազգային չափանիշներից, իսկ հասնելու համար անհրաժեշտ է թե օրենսդրական, թե ինքնակարգավորման մեխանիզմների կատարելագործում:
