ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղը իր խնդիրը չի համարում Ադրբեջանին պարտության մատնելը
Այդ մասին հիշեցրել է ԼՂՀ նախագահի խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հուլիսի 4-ին Ուրբաթ ակումբում խոսելով Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների Ղարաբաղ կատարած այցի եւ դրա նշանակության մասին, ասել է, որ այցը իրականում կազմակերպված էր ԵԱՀԿ հովանու ներքո, ոչ թե ռուսասկան նախաձեռնություն էր: Սակայն Արման Մելիքյանը նշանակալից է համարում, որ դեսպանները Մոսկվայում հավատարմագրված դեսպաններն են: «Դա կարելի է գնահատել, որպես ռուսական ազդեցության որոշակի դրսեւորում: Ինչ վերաբերում է գնահատականին, ապա մենք միշտ կողմ ենք եղել շփումների վերսկսմանը: Այլ հարց է, որ այդ շփումների վերսկսումը պետք է դուրս լինի այդ խեղված ձեւաչափերից: Այսինքն կրկին այդ հարցը եղավ, կրկին փորձեցին ներկայացնել` թե կողմերը, թե միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ, որ սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ծավալման շատ գեղեցիկ դրսեւորում է: Ղարաբաղն էլի չկա», ասում է Արման Մելիքյանը:
Ըստ նրա, Ղարաբաղի համար գուցե կարեւոր էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը գա եւ ԼՂՀ դրոշի ներքո ասուլիս տա, հանդիպի Ղարաբաղի գործող նախագահին, դրանով նաեւ ինչ որ տեղ ցույց տա, որ Ադրբեջանն ընդունում է Լեռնային ղարաբաղի օրինական իշխանության գոյությունը: «Եվ դա ոչ թե աջակցություն էր ԼՂՀ գործող նախագահին, այլ ԼՂՀ պետական կառավարման համակարգին էր դա աջակցություն, մեծ հաշվով: Այսինքն դա անձնավորված չէր: Եվ այդ առումով մենք տեսնում ենք որոշակի դրական միտումներ այստեղ: Բայց ես իմ գնահատականը կարող եմ ասել, ես կարծում եմ, որ դա Սանկտ-Պետերբուրգյան հանդիպման անհաջող ելքը ինչ որ ձեւով ծածկելու, կամ փոխհատուցելու ԵԱՀԿ քայլն էր», ասում է ԼՂՀ նախագահի խորհրդականը:
Բայց Արման Մելիքյանը չի կարծում, որ այս այցելությունը որոշիչ կլինի ապագայի համար, որովհետեւ իրական նախադրյալներ, դատելով Ադրբեջանի դիրքորոշումից, ըստ նրա, դրա համար չկան: Սակայն նա կարծում է, որ դեսպանների այցի փաստից շահեց նաեւ Ադրբեջանը: «Ես կարծում եմ, որ շահեց նաեւ Ադրբեջանը: Վերջին հաշվով մեր խնդիրը չէ, որ անընդհատ Ադրբեջանին պարտությունների մատնենք: Ադրբեջանն այսօր ծիծաղելի վիճակում է, երբ որ ցանկացած առիթ օգտագործում է ցույց տալու համար, որ այսինչ տեղում, այսինչ միջոցառմանը նրանք փորձեցին հաղթել, ու հաղթեցին հայերին: Դա կլինի ֆուտբոլ, թե կլինի խոհարարական մրցույթ, կապ չունի: Այսինքն նրանց համար ցանկացած այս փոխազդեցությունը հայերի հետ, կամ Հայաստանի, Ղարաբաղի հետ, մի խնդիր է հետապնդում, որ նրանք իրենց ներկայացնեն որպես հաղթող: Դա իհարկե պարտվածի բարդույթ է, որը որ իրենք էլ պետք է հաղթահարեն եւ մենք էլ պետք է շահագրգիռ լինեն, որ նրանց մոտ դա հաղթահարվի», ասում է Արման Մելիքյանը:
