ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր ժամանակներին խոչընդոտում են
Հունիսի 28-ին հայտարարություն է տարածել Նոր Ժամանակներ կուսակցությունը, ուր մտահոգություն է հայտնում մարզերում կուսակցության աշխատանքները խափանելու կապակցությամբ:
ՆԺԿ-ն նշում է, որ հունիսի 26-ին դիմել էր Արտաշատի քաղաքապետ Գ. Մուրադյանին, իսկ հաջորդ օրը նաեւ Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին` Արտաշատում ՆԺԿ վստահված անձանց հետ հանդիպում կազմակերպելու թույլտվություն ստանալու ակնկալիքով: «Եվ ահա մինչ օրս Արարատի մարզպետարանից մեզ ոչ մի կերպ չի հաջողվում որեւէ գրավոր պատասխան ստանալ ներկայացված փաստաթղթերի առթիվ, որովհետեւ մարզպետ Ա. Սարգսյանը համալրել է ՀՀ-ում անհետ կորած մարդկանց շարքերը, նրա տեղակալներից Սամվել Մինասյանը անժամկետ հիվանդացել է անհայտ պարագաներում, իսկ մյուս տեղակալ Կառլեն Հակոբյանը պարզապես վարակվել է հրեշտակային անտեղյակությամբ», ասված է կուսակցության հայտարարության մեջ, որն ավարտվում է ծանուցմամբ, թե ՆԺԿ-ն այդ ամենին քաղաքական գնահատական կտա հունիսի 29-ին:
