ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ դեսպանության կողմից կատարվեց կրակային պատրաստության Laser Shot տեսակի չորս սիմուլյացիոն համակարգերի բացումը
Հունիսի 29-ին ԱՄՆ դեսպանության կողմից կատարվեց կրակային պատրաստության Laser Shot տեսակի չորս սիմուլյացիոն համակարգերի ներկայացումը, որոնք տեղակայվել են ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնում ու ՀՀ Ոստիկանության ակադեմիայում: Բացման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի պետ ոստիկանության գնդապետ Արտաշես Անդրիասյանը, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման ֆակուլտետի պետ ոստիկանության գնդապետ Էդուարդ Չիբուխչյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Անդրազգային հանցավորության հարցերով ծրագրի ղեկավար Վիլյամ Դուգլասը, Laser Shot, Inc. ընկերության ներկայացուցիչները:
Այս համակարգերի ձեռք բերման համար Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան 95.000 ԱՄՆ դոլար ու կազմակերպել է ուսումնական կենտրոնի ու ակադեմիայի տեխնիկական անձնակազմի ուսուցում` ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով:
ԱՄՆ դեսպանության նվիրաբերած կրակային պատրաստության սիմուլյացիոն համակարգերն առաջինն են Հայաստանում: Համակարգում ներառված տարբեր օպերատիվ իրավիճակային տեսանյութերի կիրառմամբ` ոստիկանները կկարողանան ձեռնարկել գործողություններ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում, իսկ լուսարձակ զենքերի կիրառմամբ նրանք հնարավորություն կունենան վարժվել իրական փոխհրաձգությանը: Այս համակարգի կիրառմամբ հայ իրավապահները կկարողանան ապահով ու վերահսկելի միջավայրում զարգացնել կրակային մարտավարության, նշանառության ու մարտական իրենց հմտություններ:
Այս նախագիծը ԱՄՆ կառավարության իրավապահ աջակցության համալիր աջակցության ծրագրի սոսկ մեկ բաղադրիչն է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ամենամեծ ներդրումն է ունեցել ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներում և ներկայումս ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում այդ հաստատությանը նոր առարկայական ծրագրերի մշակման հարցում: ՀՀ այլ իրավապահ կառույցների համար ԱՄՆ դեսպանությունն իրականացրել է մի շարք վերանորոգման նախագծեր, մասնավորապես` վերանորոգվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյի, Երևանում սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի և Վանաձորում մաքսային ծառայության ուսումնական կենտրոնի շենքերը: Դեսպանությունը կատարել է ուսումնական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների նվիրատվություն, մասնավորապես` մարզական գույք, իսկ այս բոլոր հաստատություններում ձևավորվել են անհրաժեշտ համակարգչային ենթակառուցվածքներ: Դեսպանությունն աշխատում է ՀՀ կառավարության հետ` ձևավորելու սահմանային տեղեկատվության կառավարման համապետական համակարգ ու համապետական համակարգչային ցանց ոստիկանության համար: Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին ցուցաբերվող իրավապահ աջակցությունը տարեկան կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար:
