Կառավարությունը վախենում է հրապարակային քննարկումներից

Փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունը, նախագիծը իրավական անգրագիտություն է եւ սխալ իրավական լուծում, սա թաքնված գրաքննության դրսեւորում է, սա քաղաքական նպատակներ հետապնդող նախագիծ է իջեցված Բաղրամյան 26-ից, իսկ ԱԺ-ում առնվազն 94 կոճակ սեղմող կա, որոնց միակ մտահոգությունն է, այս ամենը շուտ վերջանա գնանք մի բերան հաց ուտենք, Հունիսի 29-ին Ժուռնալիստների միությունում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կառավարության նախաձեռնած փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեցին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, Ինտերնյուզ հասարակական կազմակերպության իրավաբան Դավիթ Սանդուխչյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Քննարկմանը ներկա չէր ոչ մի հեռուստաընկերության ներկայացուցիչ եւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ կա մի հզոր դիրիժորի փայտիկ եւ «ծանոթ երեւույթ է, երբ իշխանություններին ոչ հաճո քննարկմանը չկան հեռուստաընկերություններ»:

Փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ կառավարությունը եւ Մեսրոպ Հարությունյանը հաշվի առնելով հապճեպությունը, որով փորձում են նախագիծը օրենք դարձնել, ասաց. «Վախենում են հրապարակային քննարկումներից եւ քաղաքական խորամանկություն է երբ ասում են, թե նախագիծը «Ազատության» հետ կապ չունի»: