Հայկական երկու պետությունները պետք է գործեն ներդաշնակ

Ազատագրված տարածքների բնակեցումը կարող է լուրջ ներուժ հաղորդել հայկական դիվանագիտությանը: Այդ կարծիքին է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ով հունիսի 27-ին Փաստարկ ակումբում պատասխանել է լրագրողների հարցերին: «Անընդհատ խոսում են` Ադրբեջանի փախստականներ, տեղահանվածներ: Այնպիսիտպավորություն է, որ եթե ադրբեջանցի է փախստական, ապա դա հումանիտար խնդիր է, իսկ եթե հայ է` ոչ: Շատ էական է, որ կան նաեւ այլ հարցեր: Այդ ասիմետրիան դրան պետք է վերջ տա: Խնդիրն ինչումն է: Խնդիրը կայանում է նրանում, որ, այդ մարդիկ, որոնք բռնահանված են Ադրբեջանից, նրանք պետք է փոխհատուցում ստանան: Ոչ միայն նյութական փոխհատուցում: Նրանք փաստացի հայրենիք են կորցրել եւ իրենք ի վիճակի չեն վերադառնալ, ոչ Բաքու, ոչ Շամխոր, ոչ այլ տեղ: Այդ մարդիկ բոլոր իրավունքներն ունեն բնակվելու Լեռնային Ղարաբաղում, բնակվելու հենց ազատագրված տարածքներում», ասում է Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, տարածժքների վերաբնակեցումը, հումանիտար հիմքի վրա, չի կարող չազդել թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության դիվանագիտության վրա: ԱԺԿ նախագահը համաձայն չէ մտքին, որ փախստականները չեն համաձայնի գնալ եւ բնակվել տարածքներում: Շավարշ Քոչարյանն ասում է, որ ցանկացողներ շատ կան, նույնիսկ մի քանի հազար, պարզապես պետք է այդ ուղղությամբ աշխատել: Նա կրկնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունը, թե Հայաստանի օլիգարխները փող չեն ներդնում տարածքները բնակեցնելու գործընթացի համար: «Պետք չէր, որ հասնի այնտեղ, որ Ղարաբաղի նախագահը դա ստիպված, հրապարակային ասի: Այո, փողատերերը, լինի դա Հայաստանի, լինի դա Սփյուռքի, պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն հենց այդ խնդրին», ասում է Շավարշ Քոչարյանը:

Խակայն նա համամիտ է, որ փողատերերի ուշադրության համար անհրաժեշտ է խնդրի հանդեպ պետության ուշադրությունը, եւ որեւէ փողատեր փող չի տա բնակեցնելու համար, եթե պետությունը չի ներկայացրել բնակեցման հստակ ու համակարգված ծրագիր: «Այո, այստեղ երկու հայկական պետությունները պետք է շատ ներդաշնակ գործեն: Պետք է լինի ծրագիր, պետք է ներգրավված լինեն հասարակական կազմակերպությունները, եւ սփյուռքահայ կազմակերպությունները: Բնական է: Համաձայն եմ: Եղել են քայլեր, ժամանակին եղել է բնակեցման ծրագիր, կիսատ-պռատ մնաց, մարդիկ հեռացան: Այսինքն չի կարելի ոչ խորքային քայլեր անել: Դա պետք է շատ լուրջ նախապատրաստել», ասում է Շավարշ Քոչարյանը: