ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվեց կառավարության ծրագիրը
Հունիսի 26-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացրեց վարչապետ Սերժ Սարգսյանը: «Կյանքը փոխվում է դեպի լավը: Ընդ որում մենք հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, մեր ապագայի տեսլականի իրականացման համար: Այն ապագայի, որը կապահովի անվտանգ, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգեւոր միասնությունն է` փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը», հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը կազմելիս խնդիր է դրվել ապահովել ծրագրի համահունչությունը գլոբալ ու արագ փոփոխվող աշխարհի առաջադրած մարտահրավերներին եւ առաջարկել լուծումներ, որոնք ներառում են համաշխարհային փորձը: Դինամիկ փոփոխվող աշխարհը, մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է նաեւ հնարավորությունների պատուհան, կարծում է Հայաստանի վարչապետը: «Մեր կառավարությունը պարտավոր է օգտվել այդ հնարավորություններից», ասում է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի համար բաց եւ մրցակցության վրա հիմնված տնտեսական համակարգը չունի այլընտրանք, իսկ երկրների միջեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային գործակցությունն առավելապես կառուցվում է միջազգայնորեն ընդունված ունիվերսալ կանոնների հիման վրա: Վարչապետի խոսքով, 21-րդ դարի հասարակության շարժիչ ուժը անհատ եւ ստեղծագործ անհատն է: «Դա պետք է լինի մեր մրցակցային առավելությունը», ասում է կառավարության ղեկավարը: Նրա գնահատմամբ, տեղեկատվության ու կապի ժամանակակից տեխնոլոգիաները ստեղծում են համայն հայության միասնական գործողության լավ նախադրյալ, ինչը կարող է բազմապատկել Հայաստանի մրցակցային առավելությունները:
Կառավարությունը հայտարարում է հիմնական գերակայությունների մասին` ազգային անվտանգություն, կառավարման արդյունավետ համակարգ, կրթություն ու գիտության զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար: «Մեզանում պետք է գերիշխի այն գիտակցությունը, որ դա պետությունը քայքայող ամենալուրջ հիվանդությունն է: Մենք իրավապահ մարմիններից պահանջելու ենք էապես խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ եւ հանրային քննարկումների առարկա ենք դարձնելու բացահայտված հանցագործությունները: Այդ առումով, ոստիկանության, դատախազության, հարկային ու մաքսային մարմինների գործունեությունը պետք է դառնա առավել թափանցիկ: Թափանցիկությունն է ապահովելու, որ այս խստությունը միեւնույն ժամանակ լինի արդարացի», ասում է Սերժ Սարգսյանը:
Վարչապետը հայտարարում է, որ ծրագրերի իրականացման գործում կառավարությունն էապես թարմացնում է մոտեցումները եւ յուրաքանչյուր նոր նախագիծ անցնելու է հասարակական լայն քննարկում եւ իրականացվելու է պետություն-մասնավոր գործակցության հիման վրա: «Ավարտին կուզենայի ավելացնել: Վերլուծաբանները կառավարության գործունեությունը գնահատում են հիմնականում քանակական ցուցանիշներով` ՀՆԱ աճով, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, միջին աշխատավարձի չափով, կենսաթոշակների, հարկերի մակարդակի աճով եւ այլն: Սրանք անշուշտ չափազանց կարեւոր ցուցանիշներ են: Սակայն ինձ համար առավել կարեւոր է մի ցուցանիշ, որը չի ենթարկվում քանակական գնահատման: Դա մարդկանց հավատն է վաղվա օրվան եւ մեր երկրի ապագայի: Եվ մեր հիմնական նպատական է լինելու միավորել մեր հասարակությունը այս նշանաբանի տալ` Քեզ համար Հայաստան», իհարկե առանց նախընտրական պաթոսի հայտարարեց Սերժ Սարգսյանը:
