ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փորձաքննական եզրակացությունը դեռ պետք է թարգմանվի
Լեւոն Գուլյանի հարազատների խնդրանքով Դանիայից եւ Գերմանիայից Հայաստան ժամանած անկախ փորձագետները մեկ ամիս ուշացումով երեկ վերջապես ուղարկել են իրենց եզրակացությունը: Շուրջ 17 էջից կազմված փորձագիտական եզրակացությունը ստացել են Լեւոն Գուլյանի հարազատները, փաստաբանները, ԵԱՀԿ գրասենյակը եւ դատախազությունը:
Բովանդակությանը հարազատները դեռեւս ծանոթ չեն, վերջիններս դրա վերաբերյալ կիմանան միայն այն թարգմանելուց հետո: «Թարգամության համար ժամանակ է հարկավոր: Գուցե մի քանի օր տեւի: Անգլերեն իմացող դատաբժիշկ կթարգմանի»,- «Ա1+»-ին հաղորդեց Լեւոն Գուլյանի քույր Լիլիթ Գուլյանը:
Հիշեցնենք, որ «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի երկրորդ հարկից վայր էր ընկել եւ մահացել: Ըստ ոստիկանության տեղեկատվության` մեկ այլ քրեական գործի շրջանակներում ոստիկանություն հրավիրված Գուլյանը «ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացել»: Սակայն նրա հարազատները համաձայն չեն այս վարկածի հետ եւ մեղադրում են ՀՀ քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանին:
Ի դեպ, Գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնեց, որ իրենք ոչ փոստային, ոչ էլեկտրոնային տարբերակով փորձագիտական եզրակացությունը չեն ստացել:
