Հայերը գերադասում են անկախությունը

Հայաստանի քաղաքացիների 41 տոկոսը նախընտրում է, որ Հայաստանը չմիանա որեւէ երկրի կամ անդամակցի այլ երկրների որեւէ միավորման: Այդ տվյալը հրապարակել է հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսական կենտրոնը: Հարցումը անցկացվել է վեց երկրում` Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա, Ղազախստան, Հայաստան եւ Կրգզստան: Այդ երկրների բնակիչներին հարցրել են, թե հատկապես ինչպիսի երկրում կամ երկրների ինչպիսի միավորման մեջ կուզենային ապրել իրենք:

Հարցման տվյալը ցույց է տվել, որ 5 երկրում բավական զուսպ է վերաբերմունքը ԱՊՀ նկատմամբ: Այդ միավորման մեջ ապրելու ցանկություն է հայտնել ուկրաինացիների ընդամենը 4, ռուսների, հայերի, կրգզների եւ բելոռուսների ընդամենը 9-12 տոկոսը: Հայաստանի հարցվածների միայն 9 տոկոսն է ցանկություն հայտնել միանալ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս եւ Ղազախստան տնտեսական քառյակին:

ԽՍՀՄ-ը վերականգնելու օգտին արտահայտվել է Բելոռուսի եւ Ուկրաինայի հարցված քաղաքացիների 10-13 տոկոսը, Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների 15-17 տոկոսը եւ կրգզների 23 տոկոսը: Իսկ ահա միավորված Եվրոպայում ապրելու գաղափարւ գրավիչ է եղել հայերի, ուկրաինացիների եւ բելոռուսների 22-23 տոկոսի համար: Ռուսաստանի, Կրգզստանի եւ Ղազախստանի հարցվածների համար այդ գաղափարը նվազ հրապուրիչ է եւ շահել է 11-13 տոկոսի համակրանքը:

Հայաստանի քաղաքացիների 41 տոկոսը նախընտրել է ապրել իր երկրում, առանց որեւէ այլ երկրի կամ երկրների միավորման հետ միանալու: Այդ նախապատվությունը հայտնել է ռուսաստանցիների 36, ղազախների 28, ուկրաինացիների եւ բելոռուսների 21-24 եւ կրգզների 14 տոկոսը: