ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարությունը թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համար բավարար քայլեր չի կատարել
ԱՄՆ պետդեպարտամենտի 2007 թվականի թրաֆիկինգի վերաբերյալ զեկույցում նշված է, որ Հայաստանում թրաֆիքինգի դեմ ավելի արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքով հետապնդելու եւ պատժելու ջանքերն ավելացնել եւ դատապարտել թրաֆիքինգով զբաղվող կառավարության կոռուպացված պաշտոնյաներին: Զեկույցում ասվում է, թե Հայաստանը թրաֆիքինգի սկզբնաղբյուր է, որտեղից կանայք եւ աղջիկներ են տանում Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու: Հայ տղամարդկանց եւ կանանց անօրինական ճանապարհով տանում են Ռւսաստան հարկադիր աշխատանքի համար, իսկ կանաց ու աղջիկներին Ռուսաստանով` արաբական երկրներ:
ԱՄՆ Պետդեպը կարծում է, որ 2006 թ. Հայաստանի կառավարությունը թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համար բավարար քայլեր չի կատարել, մասնավորապես ոչ մի ֆինանսական ու նյութական աջակցություն չի տրամադրել թրաֆիքինգի զոհերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին:
“Թրաֆիքինգի դեմ պայքարում կառավարությունը շարունակում է հույսը դնել հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կազմակերպությունների վրա ի լրումն հասարակության տեղեկացվածությանն ուղղված սեփական ջանքերի”:
Այս կապակցությամբ փաստաթղթում ասված է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալությունը անցած տարի շարունակել է համագործակցել Քաղավիացիայի գլխավոր վարչության եւ մի հասարակական կազմակերպության հետ: մասնավորապես, Թուրքիա եւ ՄԱԷ մեկնողներին բաժանել են թրաֆիքինգի վերաբերյալ թռուցիկներ:
“Հայաստանի կառավարությունը համագործակցում է նաեւ համապատասխան ռուսական գործակալության հետ Ռուսաստանում գաստարբայտերներին բրոշյուրներ բաժանելու գործում”, ասված է զեկույցում:
