ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1988-91թթ. ընթացքում, Ադրբեջանի տարածքից բռնագաղթել է 500 000 փախստական
Փախստականները եւ միջազգային իրավունքը քաղաքացիական հասարակության ցանցը ավարտել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին հասցեագրված 1000 դիմումների մշակման գործընթացը: Դիմումները պարունակում են Ադրբեջանական Հանրապետության իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից փախստականներին հասցված նյութական վնասների փոխհատուցման հարցում ԼՂՀ իշխանություններից աջակցություն ստանալու խնդրանք:
Թեեւ դիմումների մեջ նշված չէ կրած բարոյական վնասների (ներառյալ` Հայրենիքի կորստի) փոխհատուցման ձեւը, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ այս վնասը եւս պետք է հաշվի առնվի եւ փոխհատուցվի: Դիմումները նաեւ որոշ տեղեկություններ են պարունակում այդ մարդկանց` իրենց նախկին քաղաքացիության երկրից վտարվելու հանգամանքների վերաբերյալ: Դիմումները ներկայացված են միայն 18 տարեկանը լրացած անձանց կողմից:
Պատահականության սկզբունքով ընտրված այս 1000 դիմումներից 417-ը ներկայացրել են Բաքվից, 84-ը` Կիրովաբադից, 77-ը` Մինգեչաուրից, 289-ը` ներկայում Ադրբեջանի կողմից բռնազավթած Շահումյանի, Գետաշենի եւ ԼՂՀ այլ շրջաններից, 24-ը` Սումգայիթից բռնագաղթած փախստականները: Մնացած դիմումները ներկայացվել են Խանլարից, Շամխորից, Չարդախլուից, Շամախիից, Զաքաթալայից, Արծվաշենից (ՀՀ), Ֆիզուլիից եւ այլ վայրերից բռնագաղթած փախստականների կողմից:
1988-91թթ. տեղի ունեցած հակահայ գործողությունների եւ էթնիկ զտումների ժամանակ 178 դիմումատուների ընտանիքներում եղել են սպանվածներ, իսկ 147-ի ընտանիքներում` վիրավորներ:
Փախստականներից 158-ը ունեն բարձրագույն, 111-ը` թերի բարձրագույն կրթություն: Ադրբեջանում իրենց ունեցած անշարժ եւ շարժական ողջ գույքը կորցրել է 713 հոգի, իսկ 232-ը` մասնակիորեն են զրկվել իրենց ունեցվածքից:
Ադրբեջանական խնայբանկերում ավանդներ ունեցած 592 անձանցից 503-ը այդպես էլ չեն կարողացել ետ ստանալ իրենց գումարները:
867 փախստական Ադրբեջանից բռնագաղթելու պատճառը համարում են խտրականությունը եւ հետապնդումները ազգային պատկանելության հատկանիշով: 122 հոգի լքել են իրենց տները Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով. դրանք, հիմնականում, ներկայումս Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի բռնազավթված տարածքների բնակիչներն են: Համաձայն 615 դիմումատուների պնդման, Ադրբեջանի իշխանություններն են կազմակերպել նրանց բռնագաղթը:
359 մարդ փախուստի են դիմել` օգտվելով սեփական կամ պատահական փոխադրամիջոցներից:
Փախստականներից 892-ը հրաժարվում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, մնացածները (հիմնականում ԼՂՀ Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջանների բնակիչները)` պատրաստ են բնակություն հաստատել ԼՂՀ իրավատիրույթում գտնվող տարածքներում:
737 մարդ իրենց հասցված բարոյական վնասը բնութագրում է որպես խտրականություն ազգային եւ կրոնական պատկանելության հատկանիշով եւ բռնի զրկում Հայրենիքից: Դիմումատու փախստականների կողմից իրենց հասցված նյութական վնասը գնահատվում է մոտ 112 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ընդհանուր առմամբ, միայն 1988-91թթ. ընթացքում, Ադրբեջանի տարածքից բռնագաղթել է 500000 փախստական:
