Հարուստները ավելի արագ են հարստանում, քան կրճատվում է աղքատությունը

Հայաստանի ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճը առանձնապես մեծ չի էլ եղել եւ եթե պետությունը խրախուսի, զարկ տա արտահանմանը, հայկական բրենդերի` ծիրան, տուֆ, մասուր, հայկական հյութեր, ջրեր եւ այլն, տարբեր շուկաներ դուրս գալուն, ապա զարգացումը ապահովված է: Խաչատուր Սուքիասյանը առաջարկում է սրա համար առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում ստեղծել արտահանման հարցերով զբաղվող հատուկ վարչություն:

Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ ստվերի դեմ պայքար կա, այն արդյունքներ տալիս է, բայց դեռ էլի պիտի պայքարել: Նա համաձայն է, որ Հայաստանում հարուստները ավելի արագ են հարստանում, քան կրճատվում է աղքատությունը: Սակայն դրա մեջ վտանգ չի տեսնում. ավելի հարուստ հարուստները ավելի շատ հարկեր կվճարեն: Սակայն, Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ խոշոր հարկատուները, տարիների հետ ավելի հարստանալով, ոչ միայն վճարած հարկերի հարթությունում նույն տեղում չեն մնում, այլ նույնիսկ նահանջում են: Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրում ամոթ է եւ շատ վատ, որ տնտեսության մեջ կան մենաշնորհներ: