ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունները անցել են աննախադեպ թափանցի՞կ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը ՀՀ Սահմանադրական դատարանում հայտարարել է, թե ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունը անցել է աննախադեպ թափանցիկ եւ հրապարակային եւ որակական առումով այս ընտրությունները առաջընթաց էին: Հետաքրքիր է, որ Գարեգին Ազարյանը հղում է անում նույն միջազգային դիտորդների եզրակացությանը: Այն միջազգային դիտորդների, ում կարծիքով, ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի 35 տոկոսում արդյունքների ամփոփումը անցել է վատ կամ շատ վատ:
Գարեգին Ազարյանը օրեր առաջ ՍԴ-ում հայտարարել էր, թե ընդդիմադիր ուժերը ՍԴ-են դիմել, որովհետեւ չունեն ընտրություններում պարտությունը ընդունելու քաջություն: Այս անգամ կրկնելով իր միտքը, թե «ժողովրդավարական ընտրությունները նախատեսում են նաեւ սեփական պարտության արժանի ընդունում», Գարեգին Ազարյանը նաեւ ասել է, որ ընդդիմությունը չկարողացավ դատարանին ներկայացնել փաստեր, որ ապացուցվեր, թե եղել են ընտրությունների վրա էական ազդեցություն թողած խախտումներ։
