Դատախազությունը բռնել է կեղծարարներին

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը հայտնում է, թե Արագածոտնի մարզի դատախազությունն ավարտել է թիվ 14 ընտրատարածքի 55-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2007թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ավարտից հետո, թիվ 14 ընտրատարածքի՝ Արագածոտն մարզի Վարդենիս գյուղում գտնվող 55-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ջիվան Մանուկի Սարգսյանը, համամասնական ընտրակարգով ընտրությունների ձայները հաշվելիս, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ազգային ժողովրդավարական, «Ազգային միաբանություն», «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի կոմունիստական կուսակցությունների օգտին օրինական քվեարկած համապատասխանաբար՝ 3, 6, 2, 1, 2, 2 ձայները զրոյացրել է, 1 ձայն «Դաշինք» կուսակցության եւ 17 ձայն «Միավորված աշխատանքային» կուսակցության ձայներից պակաս է հաշվել, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունե, Հայաստանի Հանրապետական, «Հանրապետություն» կուսակցությունների օգտին ավելի է հաշվել համապատասխանաբար 15, 20 եւ 1 ձայն, ինչն առաջացրել է նշված երեք կուսակցություններին կողմ քվեարկած ձայների՝ իրականությանը չհամապատասխանող ավելացում:

Այնուհետեւ, համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփելիս, դիտավորությամբ ձայներն ակնհայտ սխալ է հաշվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հանձնաժողովի անդամները եղել են հոգնած եւ իրեն վստահել են:

Նախաքննության ընթացքում Ջիվան Սարգսյանը խոստովանել է կատարած արարքը եւ նշել, որ ամփոփիչ արձանագրությունը կազմելիս կեղծ թվեր է թելադրել, ինչը հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են իրեն վստահելով, առանց ստուգելու:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ջիվան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, քվեարկության արդյունքները կեղծելու համար:

Այսպիսով, ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ, 2007 թվականի մայիսի 31-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 14 անձի վերաբերյալ, որոնցից 10-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ են եւ մեղադրվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ, հայտնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: