400 հազար կեղծված ձա՞յն

Նոր ժամանակներ կուսակցությունը «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության աջակցությամբ Սահմանադրական դատարանում վիճարկում է ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները` պահանջում դրանք ճանաչել անվավեր եւ նոր քվեարկություն կազմակերպել: Այս դիմումատուները ՍԴ են ներկայացրել 230 էջանոց եւ 2.1 կգ քաշով դիմում: ՍԴ-ում հարցի քննությունը սկսվելու է հունիսի 1-ին: Իսկ մինչ այդ` մայիսի 30-ին դիմումատուներ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը հանդիպեցին լրագրողներին:

Արամ Կարապետյանի կարծիքով, ընտրությունների արդյունքներից դժգոհ են գրեթե բոլորը, գոհ միայն` Հանրապետական կուսակցությունը: Արամ Կարապետյանը համոզված է, որ իրենց ունեցած փաստերը այնքան հիմնավոր են, որ դրանց որեւէ ձեւով չարձագանքելը շատ դժվար է լինելու. «մեծ կեղծիքներ են եղել եւ լուրջ չարաշահումներ, եթե ՍԴ անառաչ լինի` ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»: Արամ Կարապետյանը դժվարացավ ասել, թե քանի խախտում է եղել, բայց տեղեկացրեց, որ կեղծվել է մոտ 400 հազար ձայն:

Բացի այս երկու կազմակերպություններից, ընտրությունների արդյունքների վիճարկում են նաեւ Հանրապետություն, Օրինաց երկիր կուսակցությունները եւ Իմպիչմենտ դաշինքը եւ ՍԴ բոլոր չորս դիմումները լսելու է միասին` մեկ գործով: