ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գլխավոր դատախազը նամակ է հղել դիտորդներին
ԵԱՀԿ/ԺՀՍԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Պարոն Բ.Ֆռլեցին
Հարգելի պարոն Ֆռլեց,
Հայաստանի Հանրապետության դատախազությունում Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ որդեգրվել է քննարկման լայն հրապարակայնության եւ գործունեության թափանցիկության սկզբունքը: Ընդ որում, ամենասեղմ ժամկետներում ընթացք է տրվում ոչ միայն պաշտոնապես ստացված հաղորդումներին, այլ զանգվածային լրատվության միջոցներում զետեղված նյութերին:
Իմ կողմից ցուցում է տրվել հանգամանորեն ուսումնասիրել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փաստերը եւ սահմանված կարգով դրանք դարձնել քննարկման առարկա: Այս առնչությամբ իմ շնորհակալություն են ուզում հայտնել իրավախախտումների փաստերի արձանագրման հարցում Ձեր աջակցության ե կատարված աշխատանքի անաչառ գնահատման համար։
Մասնավորապես, արդեն իսկ համապատասխան հարցումներ են ուղարկվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հանձնարարություններ տրվել դատախազության իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներին:
Մեր պատրաստակամությանն ենք հայտնում հետայսու նույն հետեւողականությամբ շարունակելու ընտրական իրավախախտումների վերաբերյալ փաստերի քննությունը եւ կատարված աշխատանքների վերաբերյալ արդյունքների լուսաբանումը: Ընդ որում, դատախազությունն իր իրավասության սահմաններում ձեռնամուխ է լինելու, որպեսզի նաեւ ընտրական իրավունքի ոլորտում հանցագործությունների փաստերով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերով սահմանվեն արդարացի պատիժներ։
Համոզված ենք, որ հիշյալ միջոցառումները, միտված լինելով ընտրական գործընթացներում իրավախախտումների կանխարգելմանը, կունենան անհրաժեշտ արդյունավետություն:
Անդրադառնալով Ձեր 2007թ. մայիսի 13-22-ը Հետընտրական միջանկյալ թիվ 1 զեկույցում արծարծված իրավախախտումներին, խնդրում եմ հնարավորության սահմաններում կոնկրետ տեղեկատվություն ներկայացնել այն ընտրական տեղամասերի վերաբերյալ, որոնցում արձանագրվել են հիշյալ իրավախախտումները: Դա հնարավորություն կտա գործուն միջոցներ ձեռնարկել այդ իրավախախտումների առնչությամբ սահմանված կարգով քննություն տանելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
