ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՔԴՄ-ն ընդհանուր առմամբ բավարարված է խորհրդարանի կազմից
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ընդհանուր առմամբ բավարարված է մայիսի 12-ին ձեւավորված խորհրդարանի կոնֆիգուրացիայից «ես շատ կուզեի, որ ԱԺ-ում ներկայացված լիներ, օրինակ Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն: Այսինքն առանձին բացառություններով, չկա մի ուժ որի ԱԺ չմտնելը ափսոսանք առաջացնի, կամ տուժի քաղաքական կառույցի որակը», մայիսի 25-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա համոզված է, որ անցած ընտրությունների մասին խոսելիս պետք է երկու հարց տալ. ձեւավորված ԱԺ-ն ունա՞կ է արդարացնել հանրության սպասելիքները եւ ձեւավորվելիք քաղաքական կառույցները ունա՞կ են լինելու արձագանքել մարտահրավերներին:
ՀՔԴՄ-ն գտնում է, որ մայիսի 12-ն «կվազիքաղաքական լեգենդների վերջն էլ եկավ», ինչը դրական է: Դրական է նաեւ, որ ԱԺ-ում ներկա են լինելու երկու նոր ուժ` ԲՀԿ եւ «Ժառանգությունը»: « Փոխվել է քաղաքական պայքարի տրամաբանությունը. քաղաքական առճակատումից դեպի քաղաքական այլակարծություն, այլախոհություն, մրցակցություն: Կա շանս քաղաքական այս ձեռքբերումները դարձնել հասարակության համար շոշափելի արդյունքներ»: Միջազգային դիտորդների դրական գնահատականն է շանս. շանս վերականգնել Հայաստանի միջազգային վարկը եւ դերակատարությունը տարածաշրջանում: Սա պետք է պահպանել ամեն գնով, հայտարարեց Խոսրով Հարությունյանը:
Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ պատգամավորական կորպուսը ունակ է լինելու բավարարել հասարակության ակնկալիքները, կարծում է ՀՔԴՄ նախագահը:Դեռ պետք է ձեւավորվի ոչ միայն արհեստավարժ, այլ նաեւ կենսագրությամբ անբասիր եւ հասարակությանը վստահություն ներշնչող մարդկանցից կազմված կառավարություն: ԵՎ առաջին բանը, որ պիտի անի կառավարությունը` պայքար ամենաթողության, կաշառակերության, անպատժելիության, հովանավորչության դեմ: Եթե սա չլինի նախագահական ընտրությունները չեն լինի ԱԺ ընտրությունների տրամաբանական շարունակություն եւ խզում կառաջանա:
Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց որոշման մասին ընտրություններից մոտ մեկ տարի առաջ` այսօր հայտարարելը ժամանակավերպ է, հանրությունը դեռ չի մարսել ԱԺ ընտրությունների արդյունքները, վստահ է Խոսրով Հարությունյանը: Բանախոսի կարծիքով, այդ հայտարարությունները կեղծ մեկնարկ են հիշեցնում` որակազրկում եւ արժեզրկում քաղաքական գործընթացը:
Խոսրով Հարությունյանը հայտարարեց, նաեւ որ իր կենսագրությունն ու անցած ուղին պակաս նպաստավոր չեն նախագահական հավակնություններ ունենալու համար, սակայն ասաց նաեւ, որ իրեն ավելի հոգեհարազատ է խորհրդարանական գործունեությունը եւ այս պահին նախագահ առաջադրվելու մտադրություն չունի` «նման ընտրության պետք է գնալ մեծ եւ ուժեղ աջակցությամբ»:
ՀՔԴՄ նախագահը արձանագրելով, որ կոալիցիա նշանակում է հասարակության համար բաց, տեսանելի եւ ընկալելի քննարկում, որի արդյունքում այս կամ այն պաշտոնը տրվում է այն քաղաքական ուժին, ում ծրագիրը այդ ոլորտի վերաբերյալ ամենալավն է», հայտարարեց, որ 2003-ի օրինակով` անդրկուլիսյան պայմանավորվածություններով կոալիցիա ստեղծելու պարագայում նշանակություն չունի թե կառավարությունը կլինի միայն հանրապետական, թե կոալիցիոն: Խոսրով Հարությունյանը չի բացառում, որ կրկնում է 99 թվականի իրավիճակը, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ընդգրկվեցին:
