ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրապետականը առաջարկում է կամ լռել կամ հրաժարվել մանդատներից
Մայիսի 22-ին «Հայելի» ակումբում հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի բանավեճի ժամանակ պարզվեց, որ այս երկու կուսակցությունները ունեն միայն մեկ ընդհանրություն. կողմ են ազատական տնտեսությանը:
ԱԺ-ում մեծամասնություն ունեցող հանրապետականները քանիցս հայտարարել են, որ համագործակցելու են այլ ուժերի հետ: «Ժառանգությունը» դեռեւս համագործակցության առաջարկ չի ստացել, բայց համագործակցությանը դեմ չէ. «արտաքին եւ ներքին մարտահրավերները պահանջում են ուժերի համախմբում»: Անկախ հնարավոր առաջարկից, դա ընդունել-չընդունելուց «Ժառանգությունը» պայքարելու է իր ծրագրերը կյանքի կոչելու համար: Իսկ եթե տեսնի որ կառավարությունը ճիշտ ուղով է գնում` կողջունի: Բայց «Ժառանգության» համար կարեւորը ոչ թե ծրագրերն են, այլ` ծրագրի եւ գործի համապատասխանությունը: «Հայաստանում կա խոսքի ազատության պակաս, իրավունքը կիրառվում է ընտրովի, ազատության պակասը բերում է արդյունավետության պակասի, երկրի թուլացման եւ երկրի մրցունակության պակասի», հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը: Կարեն Ավագյանը համաձայն չէ եւ զարմանում է, որ ազատության պակասից է խոսում ԱԺ ընտրություններում 5 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունը: Զարմանալուց բացի նա նաեւ առաջարկ է ներկայացնում, որ ավելի շատ շանտաժի է նման. «Ստանալիքը ստանալ ու բողոքելը կոռեկտ չէ, եթե չեք հավատում ընտրությունների արդյունքներին` հրաժարվեք մանդատներից»:
«Մենք ավելի լավ ընտրությունների էինք արժանի, որ համեմատվենք ժողովրդավարական երկրների հետ: Իշխանությունները պատասխանատվություն են կրում բոլոր թերությունների, բացթողումների համար: Կոռեկտ չէ մեղքը ընդդիմության վրա բարդելը», իր հերթին չի համաձայնում «Ժառանգության» ներկայացուցիչը, «ընտրությունից ընտրություն Հայաստանում իշխանությունը մտածում է, թե ինչ ուզի կանի ու թող ընդդիմությունը իր ձայները պահի: Իշխանությունները պետք է առաջինը արձագանքեն խախտումներին»:
Կարեն Ավագյանը անընդհատ առաջարկում էր խախտումների մասին ահազանգել իրավապահներին եւ հիշեցնում էր, որ ըստ միջազգային դիտորդների, այս ընտրություններում կար առաջընթաց: Լրագրողներն էլ նրան հիշեցրեցին, որ նույն միջազգային դիտորդները իրենց եզրակացության մեջ նշել են կեղծ անձնագրերի մասին, Կարեն Ավագյանը ասաց. դիտորդները ասել են, որ ավելի շատ սպիտակ էր, քան սեւ: Իսկ սեւը շտկվելու է: Հանրապետականն է խոստանում: Բայց հանրապետական կուսակցությունում համոզված են, որ իրենք շատ քվեներ են ստացել ոչ թե սեւ տեխնոլոգիաների, խախտումների արդյունքում, այլ` ընդդիմության չմիավորված պատճառով: Իսկ «Ժառանգությունը» ընտրախախտումների վերաբերյալ իր ունեցած փաստերով պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում:
