ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը մերժեց Ռուբեն Թորոսյանի բոլոր 7 դիմումները
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ մայիսի 22-ի նիստում մերժեց «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության դիմումը ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործության:
Մայիսի 15-ին նախքան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը Ռուբեն Թորոսյանը առաջին ատյանի դատարան էր ներկայացրել 7 դիմում, որոնցից վեցը արդեն մերժվել էին: Ի դեպ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, նման դիմումները դատարաններում պետք է լսվեն մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը:
Ռուբեն Թորոսյանը համոզված է, որ ԿԸՀ մի շարք դեպքերում է անգործություն դրսեւորել: Նախ. տեղյակ է եղել ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների քարոզարշավի եւ քվեարկության օրը տեղի ունեցած օրինախախտումներին, սակայն համապատասխան գործողություններ չի արել: Հետո, ԿԸՀ-ն անտեսել է ընտրական օրենսգիրքը, ըստ որի, ընտրությունների արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ-ն պետք է նկատի ունենա բոլոր այն խախտումները, որ կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա: Ըստ Ռուբեն Թորոսյանի «բացառիկ ու աննախադեպ» խախտում էր քվեարկության օրը կեղծ անձնագրեր բաժանելը, ինչը արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները: Եվ եթե բոլորը, այդ թվում եւ` ԿՀԸ-ն ընդունում են դիտորդների այն գնահատականը, թե ընտրություններում առաջընթաց է արձանագրվել, պետք է ընդունեն նաեւ այս գնատահականին հաջորդած ձեւակերպումները` այդ թվում եւ` կեղծիքների մասին, համոզված է Ռուբեն Թորոսյանը:
Դատարանը, սակայն գտավ, որ Ռուբեն Թորոսյան այս դիմումը եւս ենթակա է մերժման:
