ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փախո՞ւստ, թե՞ խոշտանգում. վկայի մահվանից հետո ոստիկանութունը հայտնվում է ուշադրության կենտրոնում
Անցյալ շաբաթ օրը` մայիսի 12-ին, ոստիկանությունում մահացել է որպես սպանության վկա
այնտեղ տարված Լևոն Գուլյանը: Իրավապաշտպան կազմակերպությունների
ներկայացուցիչները, Գուլյանի հարազատներն ու լրագրողները պահանջում են անցկացնել
մահվան հանգամանքների հանգամանալից և անկախ քննություն:
Ոստիկանության վարկածի համաձայն` 30-ամյա Գուլյանը (ամուսնացած, երկու երեխայի
հայր) մահացել է, երբ փախուստի փորձ անելիս ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
Գուլյանի հարազատներն ու իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում` Մարդու
իրավունքների հելսինկյան միջազգային ֆեդերացիայի (ՀՄՖ) ներկայացուցիչները թերահավատ
են ոստիկանության վարկածի նկատմամբ:
Հինգշաբթի ՀՄՖ նախագահ Աարոն Ռոդզը նամակ է ուղարկել ՀՀ ոստիկանապետին` հորդորելով
անցկացնել գործի ամբողջական քննություն և նշելով, որ «անցյալում Հայաստանի
ոստիկանությունում տեղի ուենցած մահվան կասկածելի դեպքերն ու ոստիկանների կողմից
կիրառվող խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը շարունակում են լուրջ պրոբլեմ մնալ»:
Գուլյանի հարազատների կարծիքով` ոստիկանությունում նրան ծեծելով սպանել են:
Գուլյանի մահը առնչվում է մայիսի 9-ին կատարված դեպքերի հետ, երբ Երևանի Շենգավիթ
համայնքում գտնվող Գուլյանին պատկանող «Պանդոկ» ռեստորանի մոտ ժամը 22:00-ի
սահմաններում սպանվել է մոտակա «Բոլերո» սաունայի տիրոջ` Գագիկ Վարդանյանի որդին`
Ստեփան Վարդանյանը (սա Վարդանյանի և մեկ այլ խմբավորման հակամարտության արդյունքում
գրանցված 3-րդ սպանությունն է)£
Ռեստորանի աշխատակիցները պատմել են, որ Գուլյանը հորդորել է խմբավորումներին
ռեստորանից հեռանալ, իսկ անձնակազմին ասել է, որ դուրս չգան շենքից£ Սպանությանն
ականատես է եղել Գուլյանը, որը ոստիկաներին հայտնել է, որ չի ճանաչում սպանողին:
Սպանությունից մի քանի ժամ անց` գիշերվա 3-ի մոտ Գուլյանին տնից տարել են
ոստիկանություն և գրեթե մեկ օր, մինչև հաջորդ երեկոյան ժամը 10:30-ը պահել այնտեղ
ու պահանջել մյուս օրը` մայիսի 11-ին, ներկայանալ ոստիկանություն£
Մայիսի 11-ին, առավոտյան 10-ին, Գուլյանը ինքնակամ գնացել է ոստիկանություն,
որտեղից նրան բաց են թողել հաջորդ օրը առավոտյան 11-ին` կարգադրելով, որ գնա
ընտրության ու երկու ժամից կրկին վերադառնա£
Գուլյանը կրկին վերադարձել է ոստիկանություն, իսկ հարազատները ժամը 6-ի մոտ նրա
դիակը տեսել են դիահերձարանում£
Ոստիկանությունից վերադառնալուց հետո Գուլյանը հարազատներին պատմել է, որ իրեն
ոստիկանության բաժնում երկու օր ծեծել են` պահանջելով ասել մարդասպանի անունը£ Ասել
է, որ փաստաբան է ուզում, իսկ նրան պատասխանել են, թե փաստաբանին էլ կծեծեն£
Հարազատները և մասնավորապես քեռին` Հովիկ Փափազյանը, պնդում են, թե նա ասել է, որ
իրեն ծեծել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի տեղակալ Հովիկ Սողոմոնյանը£
Իսկ մայիսի 12-ին, ըստ հարազատների, Շենգավիթի ոստիկանության բաժնից հանրապետության
ոստիկանություն Գուլյանին մեքենայով տարել է քրեական հետախուզության պետի տեղակալ
Հովիկ Թամամյանը£ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի
վարչության պետ Սայաթ Շիրինյանն ասում է, որ Թամամյանը առնչություն չունի այս
գործին£
Հովիկ Թամամյանը հայտնի է իր դաժանությամբ£ Նրա անվան հետ է կապվում երկու
սպանություն: Նա հասարակությանը հայտնի դարձավ 2004 թվականին, երբ Կենտրոնի
ոստիկանապետն էր և դաժան հաշվեհարդար տեսավ ապրիլյան ցույցերի մասնակիցների հետ,
մասնավորապես, ծեծել էր տվել «Չորրորդ իշխանության» լրագրող Մհեր Ղալեչյանին£
Տեղեկություններ կան, որ Թամամյանը սպանված Վարդանյանի հոր ընկերն է և ուզել է
անհապաղ բացահայտել սպանությունը:
Ոստիկանությունը տարածել է հաղորդագրութուն, որ Գուլյանը «ոստիկանության
աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է
խնդրել և, օգտվելով վերջինիս բացակայությունից, փորձել է պատուհանից դիմել
փախուստի, սակայն սայթաքելով` վայր է ընկել 2-րդ հարկից և ստացած վնասվածքներից
տեղում մահացել»:
Գուլյանները վստահ են, որ Գուլյանին ծեծելով սպանել են, ապա դուրս նետել
պատուհանից:
«Ինչո՞ւ պիտի իմ եղբայրը փորձեր փախչել, երբ երկու անգամ ինքնակամ գնացել էր
ոստիկանություն: Եթե փախչելու լիներ, չէր գնա»,- ասում է Գուլյանի քույրը` Արմինեն:
Մայիսի 15-ին Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական
կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը Լևոն
Գուլյանի մահվան առնչությամբ հրավիրած մամուլի ասուլիսում ասաց, որ նրա մահվան
համար պատասխանատվությունը պետք է կրի հանրապետության ոստիկանությունը:
Նա ասաց, որ եթե նույնիսկ ընդունենք նրանց տարածած հաղորդագրությունը, ապա ի՞նչ
վիճակի պիտի մարդուն հասցրած լինեին, որ նա փորձեր փախչել:
«Տեղի է ունեցել կարևորագույն իրավունքի` կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Առողջ
մարդը մտել է պետական հաստատություն, իսկ հարազատները ստացել են նրա մարմինը»,-
ասաց Ալավերդյանը:
Գուլյանի մյուս քույրը` Լիլիթը, ասաց, որ Լևոնի հուղարկավորությունը չի լինելու,
մինչև դիակը անկախ փորձաքննության չենթարկվի:
Գուլյանների դիմումով ԵԱՀԿ-ն հրավիրել է դատաբժշկական փորձագետներ Դանիայից և
Գերմանիայից:
Ըստ դատաբժշկական նախնական եզրակացության` մահը վրա է հասել կյանքի հետ
անհամատեղելի մարմնական վնասվածքներից` կրծքավանդակի, գլխի, որովայնի, ողնաշարի,
գանգի հիմքի թաղանթի, կողոսկրների կոտրվածքներից£
(Մայիսի 15-ին անհայտ պատճառներով Գուլյանների վարձած երեք փաստաբաններն էլ
հրաժարվեցին գործից£)
Ոստիկանության աշխատակիցները լրագրողներին և Գուլյանի հարազատներին ցույց են տվել
այն վայրը, որտեղ ընկած է եղել Լևոնը, և փորձել են ապացուցել, որ նա նետվել է
պատուհանից, որպեսզի դիմացի խողովակից բռնվի, սակայն դա նրան չի հաջողվել, և ընկել`
մահացել է£
Նրանց փաստարկները անհամոզիչ էին, քանի որ փախչել փորձողը ոչ թե կնետվեր մոտ 2 մետր
հեռավորության վրա գտնվող խողովակից կառչելու, այլ ուղղակի կցատկեր անմիջապես
պատուհանի տակ գտնվող կիսանկուղային հարկի թիթեղյա տանիքին£ Իսկ դիմացի խողովակից
կառչել փորձողը ոչ թե ասֆալտին կհայտնվեր, այլ այդ տանիքին, որի վրա ընկածի հետք
չեն գտել£
Գուլյանների ընտանիքին ընդունել են ոստիկանապետի տեղակալներ Արարատ Մահտեսյանը և
Արմեն Երիցյանը, որոնք խոստացել են օբյեկտիվ քննություն անցկացնել ու ծանոթացնել
դրա բոլոր մանրամասներին£
Սակայն մամուլը և իրավապաշտպան գործիչները թերահավատ են, թե մեղավորները
կհայտնաբերվեն£ Որպես կանոն, ոստիկանությունում կատարված սպանությունները չեն
բացահայտվում, իսկ հազվադեպ, եթե ոստիկանները դատվում են, ապա ոչ թե սպանության,
այլ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով£
«ԱրմենիաՆաուն» հրապարակել էր, որ մեկ տարի առաջ ոստիկանության կազմակերպված
հանցագործության դեմ բաժնում Արմեն Ղամբարյանին այնպես են ծեծել, որ պայթել է
փայծաղը, սակայն նրա և փաստաբանի բողոքները մեղավորներին հայտնաբերելու համար
արդյունք չեն տվել, իսկ Ղամբարյանը ծանր առողջական վիճակով դեռևս մեկուսարանում է
(տես հարակից հոդվածը):
Շաբաթ օրը, երեկոյան 18:00-ին կանցկացվի մամուլի ասուլիս, որի ընթացքում
կհրապարակվեն Դանիայից ու Գերմանիայից ժամանած փորձագետների անցկացրած քննության
նախնական արդյունքները:
Լևոն Գուլյանի գործի վերաբերյալ բացվել է կայքէջ`
www.levon-gulyan.info:
Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
