ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ անդամը բացահայտում է խախտումները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Արդարություն դաշինքի ներկայացուցիչ, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը մայիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 12-ի ընտրության խախտումների եւ անօրինականությունների մասին: Ֆելիքս Խաչատրյանն օրինակ նշել է, որ շատ ընտրատարածքներ ավելի մեծ քանակի քվեաթերթիկներ են ուղարկել տեղամասեր, քան ստացել էին ԿԸՀ-ից: Խաչատրյանի խոսքով, թիվ 16 ընտրատարածքում օրինակ պակաս է 150 քվեաթերթիկ: Պարզապես չկան այդ քվեաթերթիկները, եւ դրանց մասին ոչ մի տեղեկություն չկա, իսկ թիվ 9 ընտրատարածքում, միեւնույն համարի տակ գտնվող բազմաթիվ քվեաթերթիկներ ուղարկվել են տարբեր տեղամասեր: Ֆելիքս Խաչատրյանը նաեւ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղղումներ է կատարել ընտրատեղամասերից ստացված արձանագրություններում, ընդ որում առանց այդ ուղղումների դիմաց ստորագրելու, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է, ըստ որի, բացի տեղամասային հանձնաժողովի ղեկավարությունից, կողմնակի անձը իրավունք չունի միջամտել տեղամասային արձանագրությանը:
