ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հուզումներ Թալինում
Երկու օր է հուզումներ էին տեղի ունենում Թալինում, ուր թիվ 23 ընտրատարածքի ընտրողները դուրս էին եկել բողոքի: Թալինի քաղաքապետարանի շենքի դիմաց տարբեր գնահատականներով հավաքվել է 1000-2500 մարդ, որոնք բողոքել են ընտրատարածքում արձանագրված ընտրության արդյունքի կապակցությամբ: Թիվ 23-ում հաղթել էր ՀՀԿ թեկնածու, գործարար Խաչիկ Մանուկյանը: Նրա մրցակից Մնացական Մնացականյանը, ով Բարգավաճ Հայաստանի թեկնածուն էր, դիմում բողոք էր ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողովին, պահանջելով ընտրատեղամասերի ձայների վերահաշվարկ: Մնացականյանը նաեւ բողոքի էր հանել ընտրողներին, որոնք էլ դուրս էին եկել ցույցի: Իրավիճակը լարվել է այնքան, որ Թալին են տարվել հատուկ ջոկատայիններ: Մայիսի 16-ին սկիզբ առած լարվածության աճ էր սպասվում այսօր` մայիսի 17-ին, սակայն իրավիճակը հանգուցալուծվել է անակնկալ խաղաղությամբ: Բանն այն է, որ Մնացական Մնացականյանը հետ է վերցրել իր դիմում-բողոքը, իսկ իր համար ցույցի դուրս եկած ժողովրդին էլ երկու օր փողոցում պահելուց հետո կոչ է արել գնալ տուն, ասելով, թե իրենք պայքարը կշարունակեն այլ ձեւով: Թե ինչ ձեւով են շարունակելու, ընտրողներին իհարկե հայտնի չէ: Իրավիճակին քաջածանոթ մարդիկ պատմում են, որ Մնացական Մնացականյանը վերահաշվարկի ընթացքում տեսնելով, որ իրականում ինքը իսկապես ավելի քիչ ձայն է ստացել, որոշել է գործընթացի կեսից հետ վերցնել դիմումը, փաստորեն անհարկի շահարկելով իր ընտրողների զգացմունքները:
