«Իշխանությունը պետք է իրենից սկսի»

«Մնում է մայիսին մի հաղթանակ էլ գրանցենք, դա կլինի մայիսի 12-ին` մեր երկրի ներսում, քաղաքացու, ժողովրդի եւ ի վերջո պետության հաղթանակ, որը բերելու է քաղաքացուն ազատություն, ազգին` շահ, պետությանը` ինքնիշխանություն. «արձանագրվի հայ ժողովրդի առաջին ընտրական հաղթանակը 1991 թվականից այսկողմ», մայիսի 8-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» համար հաղթանակ է երկու դրսեւորում: Առաջին, որ ընտրությունների պաշտոնական հրապարակված արդյունքները եւ իրականությունը իրարից չտարբերվեն` «քաղաքացին Աստվածատուր իր իրավունքը իրականացնի եւ զգա, որ պատկանում է երկրին: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ազգի հպարտություն հանդիսացող զինվորները, ոստիկանները, երիտասարդները, ուսանողները, աշակերտները մեղսակից դառնան մեր տան ներսում հաղթանակների ամսվա ընթացքում ազգային իրավախախտման եւ խայտառակության»: Եվ երկրորդ` «Ժառանգությունը» վաստակի ժողովրդի ամենամեծ զանգվածի վստահությունը եւ լինի առաջատար:

Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է հարցերը տանը սեփական ուժերով լուծելուն, բայց գիտի նաեւ, որ այս անգամ միջազգային դիտորդներն անաչառ են լինելու, եւ բացառվում է աշխարհաքաղաքական շահեր հետապնդելը: Որոշ բացառություններով: Այս առթիվ Ռուսաստանի իշխանությունների կեցվածքի մասին էլ «Ժառանգությունը» կարծում է, որ այն կանխակալ է եւ ինչ-որ տեղ նաեւ միջամտություն մեր ներքին գործերին: Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ուզի, որ ռազմավարական գործընկերը նման դիրք բռներ եւ կարծում է, որ ռազմավարական գործընկերությունը նշանակում է փոխադարձ հարգանք եւ ժողովուրդների որոշումների նկատմամբ հարգանք:

Անդրադառնալով «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «իշխանությունը օրինավոր լինելը առաջինը իրենից պետք է սկսի: Պետության անվստահության եւ անիրավության օրինակ է, որ ընտրությունների նախաշեմին գործեր են հարուցվում, նման ձերբակալություններ, նման խուզարկություններ` քաղաքական աստառով»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, իշխանամերձ ամենատարբեր հարթություններում կան այնպիսի խախտումներ, այնպիսի հարստահարումներ, որոնք առաջին հերթին պետք է արժանանային մեր պատկան մարմինների, անվտանգության մարմինների, դատախազության ուշադրությանը: