ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խախտումների մասին ահազանգում են միայն ԶԼՄ-ները
Մայիսի 8-ին ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահ-տեղակալ-քարտուղարների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, որ առայսօր դատախազությունը ընտրական հանձնաժողովներից ահազանգեր չի ստացել, այն դեպքում, երբ կան ակնհայտ իկրավախախտումներ: Գեւորգ Դանիելյանը կարծիքով «սա ճիշտ մոտեցում չէ», իսկ ամենաակնհայտ խախտումներից մեկը պետական հաստատությունների շենքների քարոզչական պաստառների առկայությունն է: Գեւորգ Դանիելյանը հանձնաժողովականներին հայտարարեց, որ նշված խախտումների մասին դատախազությունը տեղեկանում է ԶԼՄ-ներից եւ ահազանգը փոխանցում դատախազության տեղի կառույցին: «Հիմա ես խնդրում եմ, իսկ հետո նաեւ պահանջելու եմ, որ այդ խախտումներին արձանագանքեք», հայտարարեց Գեւորգ Դանիելյանը:
ԶԼՄ-ներում, մեկ շաբաթ առաջ հրապարակվել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը հանուն հանրապետական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, այն մասին, թե ՀԱԿ-ը հանրապետական կուսակցության օգտին հրաժարվելով ընտրապայքարից, ՀՀԿ-ին է փոխանցել 20 000 ընտրողի ստորագրության եւ անձնագրային տվյալների ցուցակ: ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանը քանիցս առաջարկել էր ստուգել այս լուրը, պարզել, թե ինչպես է կազմվել ցուցակը. «Ստացվում է, որ ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը տնօրինում է 20 000 մարդու ձայնի: Ես ենթադրում եմ, որ սա կոռուպցիայի դասական օրինակ է: Ես ենթադրում եմ, որ մարդիկ փողով են տվել իրենց ստորագրությունը: Սա պետք է կանխել, այսպիսի բան չի եղել», համոզված է Ֆելիքս Խաչատրյանը: Գլխավոր դատախազի տեղակալը հայտարարեց, սակայն, որ ենթադրության վրա քրեական գործ չի հարուցվում:
