ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աճում է իր կարծիքը չհրապարակող անձանց թիվը
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը ՀՀ 10 մարզերի 1650 բնակիչների շրջանում ապրիլի 28-ին հարցում է անցկացրել եւ պարզել, որ ընտրություններին մասնակցելու է հարցվածների 56 տոկոսը, 19 տոկոսը իր կարծիքը չի հրապարակում, 19.5 տոկոսն էլ հակված է մայիսի 12-ին տանը մնալ: «Սոցիոմետրի» տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց մայիսի 3-ին «Ուրբաթ» ակումբում: Ըստ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրության, ՀՀ Աժ-ում հանրապետական եւ Բարգավաճ Հայաստանը կունենան ամենամեծ խմբակցությունները, ԱԺ-ում ներկայացված կլինեն ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, չի բացառվում, որ տեղ ունենան «Ժառանգություն», ԱՄ, ՄԱԿ, «Դաշինք», ԺԿ կուսակցությունները, բացառվում է, որ ԱԺ-ում լինեն մյուսները:
Հարցման համաձայն, ՀՀԿ-ն կստանա ընտրողների 18 տոկոսի ձայնը, ԲՀԿ-ն` 16: Բայց նույն հարցվածների 80 տոկոսի կարծիքով, ՀՀԿ-ն կունենա 55-60 պատգամավոր, ԲՀԿ-ն` 35-40, վերը նշված մյուս կուսակցությունները` 3-6: Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ ոչ մի ուժ չի կարողանալու միայնակ կառավարություն ձեւավորել, հետեւաբար` «կոալիցիա կազմելու հարցը օրակարգում է»: Հնարավոր է կոալիցա ՀՀԿ-ԲՀԿ, ՀՀԿ-ՀՅԴ կամ ավելի լայն` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կազմով: Եվ քանի որ ՀՀԿ-ն է ունենալու ամենամեծ ներկայություն, ԲՀԿ եւ ՀՅԴ-ն լինելու են խնդրողի դերում որ կոալիցիայում տեղ ունենան:
«Սոցիոմետրի» հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ եթե ապրիլի առաջին կեսին ՀՀ բնակչության ընդամենը 8-12 տոկոսն չէր ասում գնալու է ընտրությունների, թե ոչ, ապա ապրիլի 28-ին արդեն մարդկանց 19 տոկոսն է, որ չի ասում, թե ինչ է անելու մայիսի 12-ին:
Շատ է ասվել, որ մարդիկ Հայաստանում շատ հաճախ վախենում են կարծիք բարձրաձայնել: Հնարավոր է, որ նշված 19 տոկոսն է ասելով «Չեմ ասի թե գնալու են ընտրությունների թե ոչ» իրականում վախենում է կարծիք հայտնել: Ըստ Ահարոն Ադիբեկյանի, ընտրողների մեջ կա մի խավ որը սպասում է ընտրակաշառքի` «նյութական բարիքների ակնկալիքներ ունեն»:
Մարդկանց 91.2 տոկոսի վրա կուսակցությունների քարոզարշավը ոչ մի ազդեցություն չի թողել. նրանք նախքան այդ էլ որոշել էին եւ գնալու են ընտրությունների: Հարցվածների 26 տոկոսը հայտարարել է թե ընտրությունների չի գնա միայն եթե մահանա: Իսկ ահա հարցվածների 6.3 տոկոսը քարոզարշավին հետեւելով է որոշել գնալ ընտրությունների:
Ահարոն Ադիբեկյանը նաեւ պարզել է, որ կուսակցություններըն իրենց թվաքանակի վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայացնում: Ըստ այդ թվերի, Հայաստանում կուսակցական է 700 000 մարդ, կամ ամեն երրորդ ընտրողը, ինչը կասկածելի է թվում Ահարոն Ադիբեկյանին: Նրա կարծիքով, Հայաստանում կուսակցական է ընտրողների մոտ 11-13 տոկոսը` 250-300 հազար մարդ: Բանախոսը լուրջ կասկածներ ունի, որ ԲՀԿ-ն ունի 380 000 անդամ եւ ենթադրում է ու եւ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ունեն ընտրողների 4.5-5 տոկոսի չափ անդամ:
