Ընտրությունը ամուսնություն չէ

Ընտրությունն ամուսնություն չէ, որից առաջ պետք է ժողովրդին սեր բացատրել, մայիսի 3-ին Տեսակետ ակումբում հայտարարել է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, ընտրությունը դա ժողովրդին կոնկրետ խոսք ասելու առիթ է: «Քարոզարշավը դա խնջույքի սեղան չէ, որտեղ պետք է բաժակաճառ ասես, ու ցանկանաս ժողովրդի լավը: Պետք է կոնկրետ մեխանիզմներ առաջարկել, որոնք այդ լավը կերաշխավորեն», ասում է ԱԺԿ նախագահը: ԱԺԿ առաջարկած կոնկրետ մեխանիզմն այն է, որ ժողովուրդն ունենա հանրաքվեի միջոցով խորհրդարանը հետ կանչելու իրավունք:
Բացի խորհրդարանից, ըստ ԱԺԿ մոտեցման, ժողովուրդը պետք է իրավունքն ունենա հետ կանչել նաեւ իրեն չարդարացրած քաղաքապետին, գյուղապետին: Միայն այդ դեպքում իշխանությունը կաշխատի լավ, ասում է Շավարշ Քոչարյանը

Նրա գնահատմամբ, Հայաստանում իշխանափոխության համար բավական չէ միայն այն, որ ընդդիմությունը հայտարարի, թե ընտրությունը կեղծվել է: ԱԺԿ նախագահը համարում է, որ ընդդիմության հետեւում պետք է լինի հասարակության մեծամասնության քվեն: Եթե Ուկրաինայում ու Վրաստանում այդ քվեն չլիներ, ապա ընդդիմությունը չէր կարող հասնել ընտրությունների իրական արդյունքի արտացոլմանը, կարծում է ԱԺԿ նախագահը: Իսկ որ դրա կարիքը կարող է լինել, նա գրեթե չի կասկածում որովհետեւ համարում է, որ մեր տիպի երկրներում իշխանությունը ինքնանպատակ է եւ փորձում է ամեն գնով վերարտադրվել:

«Խնդիրը կայանում է այլ բանում: Այսօր հնարավորությունները, ամեն գնով պահել իշխանությունը, սահմանափակված են: Եվ դրա վկայությունն է այն, ինչ որ տեսնում ենք: Դուք, որպես լրագրողներ, տեսնում եք ինչքանով է փոխվել: Դուք տեսնում եք, որ այսօև, այսպես կոչված սեւ PR-ը որեւէ մեկը ձեզանից չի իրականացնում: Բայց չէ որ առաջ լրիվ ուրիշ վիճակ էր: Ինչ պատահեց, նույն մարդիկ են: Ուրեմն վիճակն է փոխվել: Պարտադրանք կա, ու պարտադրանքը գալիս է ոչ թե դրսից, այլ ներքին պարտադրանք է», ասում Շավարշ Քոչարյանը: Նա ննաեւ հայտարարել է, որ մայիսի12-ը ցույց կտա, թե ինքան ավելին են ԱԺԿ հավակնությունները, քան պարզապես 5 տոկոսն է: