ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել է դատախազության մասին նոր օրենքը
«Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքին: Օրենքն ընդունվել է 2007 թվականի փետրվարի 22-ին եւ ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 1-ին: «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը լիարժեք եւ ամբողջությամբ կսկսի գործել 2008 թվականից, մինչ այդ անհրաժեշտ է ընդունել մոտ 50 իրավական եւ նորմատիվ ակտեր, որոնց թվում է նաեւ քրեական դատավարության նոր օրենսգիրքը Քննարկմանտը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳեւորգԴանիելյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, Գեւորգ Դանիելյանը նշել է, որ նոր օրենքով դատախազությանն այլեւս չի իրականացնելու նախաքննություն: Դեռեւս 2-2,5 տարի առաջ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազը՝ կարեւորելով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման գործառույթի առավել լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, որի համար լրացուցիչ այլ մեխանիզմներ եւս ամրագրվել են օրենքում:
Ի լրումն ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության՝ նոր քննչական մարմիններ կստեղծվեն հարկային եւ մաքսային մարմիններում, ռազմական ոստիկանությունում, իսկ դատախազության քննիչները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: Սակայն նշված մարմիններն իրավասու չեն լինելու հարուցել քրեական հետապնդում. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդման հարուցումը դատախազի բացառիկ իրավունքն է:
Երկրորդ՝ քրեական հետապնդում հարուցած անձը միաժամանակ հսկողություն է իրականացնելու նաեւ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ, իսկ գործը դատարան ուղարկվելուց հետո՝ դատարանում պաշտպանելու է մեղադրանքը: Այսպիսով, ինչպես նկատեց Գ.Դանիելյանը, բարձրացվել է դատախազի անմիջական պատասխանատվությունը ինչպես քննության որակի, այնպես էլ դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետ իրականացման համար:
Փոփոխություններ են կատարվել նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությանը վերապահված գործառույթների մեջ. դատախազությունն է լիազորվել պաշտպանել պետության շահը միջազգային արբիտրաժներում: «Դատախազության մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունն է պետական շահերի պաշտպանության հայց հարուցում այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորում է այլ մարմնի կամ կառավարության:
Օրենքով՝ փոխվել է ինչպես գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների, այնպես էլ ընդհանրապես բոլոր դատախազների նշանակման եւ ազատման կարգը, վարձատրության չափը, ամրագրվել են առավել հստակ մեխանիզմներ՝ դատախազների անկախությունն ու ինքնուրույնությունն ապահովելու ուղղությամբ:
