ՀՀՇ-ն հրաժարվում է պայքարից` համախմբելու համար

«Հայոց համազգային շարժումը, գնահատելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ հաշվի առնելով, որ գործող իշխանությունները եւս մեկ անգամ ամեն գնով փորձում են վերարտադրվել, ինչը երկրի համար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հայտարարում է, որ դուրս է գալիս համամասնական ընտրակարգով քվեարկության գործընթացից` նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբանը», ասված է ՀՀՇ վարչության ապրիլի 28-ին ընդունած հայտարարության մեջ: Կուսակցության հայտարարությունը լրագրողներին ներկայացնելով, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ու վարչության անդամներ Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին, որ միայն իրական համախմբումով կարելի է դիմակայել մեր երկրի արտաքին եւ ներքին մարտահրավերներին: ՀՀՇ-ի երկու ներկայացուցիչներ, Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Իգիթյանը, մեծամասնականա ընտրակարգով ընտրապայքարը շարունակելու են համապատասխանաբար թիվ 4 եւ թիվ 1 ընտրատարածքներում: Սա այն պատճառով, որ «այս ընտրատարածքներում գործում է իրական ընդդիմության մեկ թեկնածու առաջադրելու սկզբունքը»: ՀՀՇ-ն կոչ է անում իր համակիրներին քվեարկել այն ուժերի օգտին, ում համար առաջնահերթությունն է «իշխանափոխությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը եւ իրատեսական քաղաքականությունը»: ՀՀՇ-ում համոզված են, որ եթե մեկ-երկու քաղաքական ուժ հետեւեն իրենց օրինակին, գործընթացը կկայանա, եթե ոչ` ոչ մի բան էլ չի ստացվի:

Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը բարդ էր եւ քննադատվում էր հատկապես ՀՀՇ մարզային կառույցների ներկայացուցիչների կողմից` նույն էր թե կռվի դաշտից հետ ես կանչում քո զինվորին: Սակայն, ՀՀՇ-ն «գնում է ինքնազոհողության, իր այս քայլով կոչ է անում բոլոր իրական ընդդիմադիրներին», հետեւել իր օրինակին: Սրա արդյունքը կլինի այն, որ ընտրապայքարի մեջ կմնան այն եզակիները, որ կստանան ողջ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Արամ Մանուկյանը վստահ է, որ «ընտրություններին մասնակցող քաղաքական 24 ուժերից 20 կամ ընդդիմադիր են կամ խաղում են ընդդիմություն: Այս ձեւով հաղթանակ տանել հնարավոր չէ: Ժողովրդի համար շատ դժվար է ջոկել կեղծը իրականից: Սա զգոնության կոչ է: Պիտի օգնենք ընտրողին կողմորոշվել»: ՀՀՇ-ում մտավախություն չունեն, որ այս կերպ կարող է վերջում մնալ կեղծ ընդդիմությունը: «Սպիտակը որ դուրս է գալիս գորշըտ ավելի լավ է երեւում», կարծում է Հովհաննես Իգիթյանը: ՀՀՇ-ում նաեւ մտավախություն չունեն, որ դեռ քվեարկությունը չկայացած նման հայտարարություն անելով, Ռոբերտ Քոչարյանի դավաճան որակումը կստանան: «Հասարակությունը սովոր է այն արտահայտություններին, որ ցավոք սրտի իրեն թույլ է տալիս այս հանրապետության չընտրված նախագահը: Որեւէ որակումից չենք վախենում, երբեւէ չենք վախեցել: Մենք մշտապես առաջնորդվել ենք մեր սկզբունքներով եւ համոզված ենք, որ ժամանակը եւ հասարակությունը լավագույն դատավորն են», ասաց Արարատ Զուրաբյանը, ինչին Հովհաննես Իգիթյանը հավելեց` «եթե ՀՀՇ գործչների խոսակցությունների գաղտալսումները հրապարակվեն այլ մարդիկ դավաճան կորակվեն», հավելեց Հովհաննես Իգիթյանը:

Նախկին ՀՀՇ-ականներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելով, Արարատ Զուրաբյանը ասաց, որ 1998-ին «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով իշխանության եկած այս գործիչները 10 տարի անց հասկացան, որ ժողովուրդը չի կարող կուսակցություն լինել եւ «սկսեցին կուսակցություն սեփականշնորհել, ձեռք գցել: Եթե մանկան զարգացման նման ամեն ինչ լինի, ապա նրանք մի 18-20 տարի անց կհասունանան եւ մի 10 տարի անց էլ կսկսեն լուրջ քաղաքական գործունենություն ծավալել: Բայց մեր հասարակությունը այդքան ժամանակ չունի»: Արամ Մանուկյանն էլ համոզված է, որ եթե ամեն ինչ ընթանա այսօրվա «օրը մեկ զոհ» արագությամբ, դժվար կլինի,. բայց «այս ուժերը դեռ իրենց ողջ պոտենցիալը չեն բացահայտել եւ դեռ բաներ կլինեն»: Այս դեպքում Արամ Մանուկյանը չի բացառում, որ ընտրություններից հետո լինեն անկանխատեսելի զարգացումներ: Արարատ Զուրաբյանն էլ չի բացառում, որ եթե «իշխանությունները գնան խայտառակ խախտումների, որ հասարակությունը ընդդիմանա ոտքի կանգնի եւ փոխի այս իշխանություններին»: «Գաղտնիք չէ, նախորդ ընտրությունների ժամանակ Քոչարյանի ինքնաթիռի շարժիչները աշխատում էին: Ես կուզենամ, որ նորմալ անցնեն այս ընտրությունները եւ մենք բոլորս կենտրոնանք ապագա նախագահական ընտրության վրա», հայտարարեց Արարատ Զուրաբյանը ու Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ նախագահի ճիշտ ընտրության դեպքում խորհրդարանի ընտրության արդյունքը թղթից տնակի պես կքանդվի:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ վարչության անդամ չէ եւ հետեւաբար չի մասնակցում վարչության որոշումներ կայացմանը, ՀՀՇ-ն 2007-ի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, նաեւ ապագայի համար: Իսկ ապագայում 2008-ի նախագահի ընտրությունն է, ուր ՀՀՇ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է լինելու: Արարատ Զուրաբյանը վստահ է, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ կարող են ընդդիմադիր դաշտը առաջնորդել եւ հասնել որակական փոփոխության` իշխանափոխության, բայց «Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից մեր հանրապետությունը եւ մեր հասարակությանը կարող է ազատել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա կանգնել մեկ անձի կողքին, ով առավելագույնս իր մեջ կներառի բոլորիս հույսը»: ՀՀՇ ղեկավարները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չեն խորհրդակցել, բայց համոզված են, որ նա համաձայն է ազատարարի դերին: