ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեւանցիների 38.4 տոկոսը գնալու է ընտրությունների
«Սոցոմետր» հետազոտական կենտրոնի Երեւանում անցկացրած հարցման համաձայն, ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններում ամենաշատ ձայներ կստանա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 25-27 տոկոս: Երկրորդ տեղում կլինի Բարգավաճ Հայաստանը` 20-23 տոկոս: ՕԵԿ-ը կստանա 8-10 տոկոս, «Ժառանգությունը»` 5-6 տոկոս: ՀՅԴ-ն, Ազգային միաբանությունը, Ժողովրդական կուսկացությունը կարող են հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, եթե կարողանան դեպի իրենց շեղել չկողմորոշված ընտրողներին: Հարցումը անցկացվել է Երեւանում ապրիլի երկրորդ տասնօրյակում: Հարցված 1200 երեւանցիների 38.4 տոկոսը գնալու է ընտրությունների, 11.7 տոկոսը ամենայն հավանականությամբ կգնա ընտրությունների, 24.4 տոկոսը դեռ չի որոշել, իսկ 11.7 տոկոսը երեւի չգնա: Ապրիլի առաջին տասնօրյակում անցկացված հարցման հետ համեմատ չկողմորոշվածների եւ ընտրությունների չգնացողների քանակը աճել է:
Ըստ Սոցիոմետր կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, անցել է Բարգավաճ Հայաստանի շուրջ էյֆորիան, եւ ծննդյան պահին 70 տոկոսանոց վարկանիշ ունեցող կուսակցության վարկանիշը այժմ 50-ի մատույցներում է եւ «կարող է իջնել մինչեւ 30 տոկոս»: Նվազում է նաեւ Հանրապետականի եւ Դաշնակցության վարկանիշը, աճում` «Ժառանգության» համակրանքի աստիճանը: Ամեն դեպքում, ըստ Ադիբեկյանի, ՀՀԿ ռեյտինգի նվազագույն շեմը 13 տոկոսն է, Բարգավաճ Հայաստանինը` 11: Ու քանի որ այս ուժերի ընտրազանգվածները կայուն են, Ահարոն Ադիբեկյանը պնդում է, որ ՕԵԿ-ը, ԱՄ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» կամ իրարից են ձայներ խլելու, կամ չկողմորոշվածներին են դեպի իրենց տրամադրելու:
Ահարոն Ադիբեկյանը պարզել է նաեւ այս կամ այն կուսակցության համակիրների մասնագիտական շերտերը: Պետծառայողները հիմնականում ձայն են տալու Հանրապետականին, մասնավոր հատվածում աշխատողները` Հանրապետականին եւ Բարգավաճ Հայատանին, ուսանողներն ու տնային տնտեսուհիները եւ թշակառուները հակված են դեպի ՕԵԿ:
