ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուհական կոռուպցիան ամեն գնով դիպլոմ ստանալուց է
Հայաստանի բուհական համակարգում կոռուպցիայի հիմնական շարժառիթը այն հանգամանքն է, որ երկրում դեռեւս պահանջարկ ունեն գիտելիքով չհիմնավորված դիպլոմները: Այդ կարծիքին է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ապրիլի 27-ին հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: Հայաստանի նախագահի խոսքով, ազգային առանձնահատկություն է, որ ծնողն ուզում է ամեն գնով դիպլոմ ապահովել զավակի համար, նույնիսկ եթե չկան համապատասխան մտավոր ընդունակություններ: Ռոբերտ Քոչարյանը համարում է նաեւ, որ բուհական կոռուպցիայի մի զգալի մասի աղբյուրն էլ բանակից խուսափելու ցանկությունն է: Նախագահը հայտարարել է, որ ինքը կողմ է 18 տարեկանից բոլորին ծառայության տանելուն: Նախագահը հիշեցրել է, որ կառավարությունը տարիներ առաջ մի քանի անգամ նախաձեռնել է նման քայլ, բայց Ազգային Ժողովում ինչ որ բան խանգարել է: «Բանակի հանգամանքը իրականում մեծ կոռուպցիոն ձգտումներ է ձեւավորում բուհերում, եւ ընդհանրապես կարծում եմ, նաեւ արդար կլինի 18 տարեկանից բոլորը գնան եւ ծառայեն», ասում է Ռոբերտ Քոչարյանը:
