Չպետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակման հաշվին

«Գոլոս Արմենիի» թերթը գրել էր, թե ունի գաղտնալսված մի խոսակցության ձայնագրություն, ուր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բրիտանացի դիվանագետների հետ այս տարվա փետրվարին քննարկում է մեր ԱԺ ընտրությունների վրա դրսից ազդելու հնարավորությունը: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ներկայացրեց հարցի վերաբերյալ իր տեսակետը: Նրա կարծիքով, «հրապարակային քաղաքական գործունեությունը ունի այնպիսի բաղադրիչ, ինչպիսին տարբեր կառույցների հետ աշխատանքն է: Գաղտնալսումներն իրականացնելը չի նպաստում այսօր Հայաստանում քաղաքական մշակույթի ձեւավորմանը: Քաղաքականությամբ զբաղվողները շատ լավ գիտակցում են, թե ինչով են զբաղվում եւ ինչպիսի շահեր են սպասարկում»:

«Պետք է հասկանալ, թե ով ինչ շահ է սպասարկում: Դա ամեն մեկի հետեւություն անելու խնդիրն է: Ես կարծում եմ, որ լրատվամիջոցը իրավունք ունի հրապարակել այն, ինչ հրապարակել է, քաղաքական գործիչն էլ իրավունք ունի ասելու եւ մտածելու այն, ինչ ասել է եւ մտածել», ասում է Գուրգեն Արսենյանը, նկատելով, որ ազատ հասարակությունում կարվեն հասարակությանը օգտակար հետեւություններ: Իսկ ահա մեր դեպքում «արված հետեւությունները եւ այդ հետեւություններից բխող գործողությունները այնքան էլ օգտակար չեն Հայաստանի այսօրվա քաղաքական, քաղաքացիական, հասարակական կյանքի ձեւավորմանը»: Գուրգեն Արսենյանը վստահ է, որ որեւէ մեկը չի կարող պնդել, որ Արթուր Բաղդասարյանը կամ «Գոլոս Արմենիի» թերթը` խմբագրակազմը չեն ցավում իրենց հայրենիքի ապագայի մասին: Եվ առաջարկում է հարգանքով վերաբերվել բոլոր քաղաքական գործիչներին, անկախ նրա քաղաքական դիրքից եւ կեցվածքից` «չի կարելի ՀՀ քաղաքացիներին բաժանել սեւ-սպիտակի, առաջին-երկրորդ կարգի»: Գուրգեն Արսենյանը չի բացառում, որ Արթուր Բաղդասարյանի շուրջ այս զարգացումներ ունեն սեւ PR-ի էլեմենտներ, քանի որ կարելի էր եղած ձայնագրությունը հրապարակել ձայնագրումից հետո` փետրվարին: Նա դեմ չէ, որ հատուկ ծառայությունները աշխատեն հնարավոր վտանգները կանխարգելելու համար, բայց դա չպետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակման հաշվին: