ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետդեպարտամենտի զեկույցում վերականգնվել է Ղարաբաղի վերաբերյալ սկզբնական ձեւակերպումը
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում երեկ նորից փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումը եւ վերականգնվել է սկզբնականը` «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիան»:
Մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի 2006 թվականի զեկույցի` Հայաստանին նվիրված բաժնում Ղարաբաղին վերաբերող հատվածն արդեն երկրորդ անգամ է փոփոխվում:
Առաջին ձեւակերպումը անցած շաբաթվա վերջին վերախմբագրվել էր եւ ստացել հետեւյալ տեսքը. - «Հայկական ուժերը օկուպացրել են Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքի մեծ հատվածներ: Հայ պաշտոնյաները պնդում են, որ իրենք չեն օկուպացրել բուն Lեռնային Ղարաբաղը»:
Պաշտոնական Բաքուն անմիջապես արձագանքեց փոփոխությանը` հետաձգելով ադրբեջանական բարձրաստիճան պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ, որը Վաշինգտոնում պետք է մասնակցեր երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունների:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը զգուշացրել էր, թե այս հարցը կարող է լրջորեն խոչընդոտել անվտանգության հարցերով երկու երկրների համագործակցությունը: «Կատարված փոփոխությունը խեղաթյուրում է Ղարաբաղի հարցով հայ - ադրբեջանական հակամարտության էությունը եւ կասկածի տակ է դնում Միացյալ Նահանգների միջնորդության անկողմնակալությունը», - ասել էր նա:
ԱՄՆ-ի պետքարտուղար տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան շաբաթվա սկզբին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր. - «Մենք ընդունել եւ ուղղել ենք մեր սխալը: Մենք չենք կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող բանակցությունների ընթացքը»:
Այնուհանդերձ, այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց վերականգնվեց նախկին ձեւակերպումը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր «ուրախալի փաստ» է որակել Պետդեպարտամենտի զեկույցում Ղարաբաղին առնչվող սկզբնական ձեւակերպման վերականգնումը:
«Այդ փոփոխությունը ինձ համար շատ կարեւոր նորություն է: Դա, իրոք, շատ կարեւոր է, քանի որ, եթե ելնենք տրամաբանությունից, արդեն հրապարակված զեկույցը փոփոխել չի կարելի», - ասել է Մամեդյարովը` հավելելով, թե պատրաստի զեկույցի վերափոխումը կարող էր «անցանկալի նախադեպ» դառնալ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, իր հերթին, կարծիք հայտնեց, որ զեկույցի ձեւակերպումը կրկին կփոխվի:
«Այս հարցում անլուրջ մոտեցումը երեւաց առաջին օրվանից, եւ նման անլուրջ մոտեցումը շարունակվում է: Ակնհայտ է, որ զեկույցի առաջին փոփոխությամբ եւ այնուհետեւ դրան հաջորդած հրապարակային հայտարարություններով նրանք ճանաչեցին իրենց սխալը», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարության խոսակը` վկայակոչելով, մասնավորապես, «ԱզերԹաջ»-ին Բրայզայի տված հարցազրույցը, որտեղ նա «միանշանակորեն խոսում է սխալի մասին»:
«Հիմնվելով նման հայտարարությունների վրա` մենք վստահ եք, որ նման սխալը չի կարող կրկնվել եւ մնալ այդ փաստաթղթում», - հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:
Հրաչ Մելքումյան, Պրահա եւ Էմիլ Դանիելյան, Երեւան
