ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՄԱ ներկայացրեց դիտարկման արդյունքները
Ապրիլի 20-ին Երեւանի մամուլի ակումբը հրապարակեց ՀՀ ԱԺ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրության լուսաբանման դիտարկման արդյունքների վերաբերյալ հերթական միջանկյալ հաշվետվությունը, որն ընդգրկում է ընտրության քարոզարշավի առաջին շաբաթը` ապրիլի 8-15 հատվածը: Դիտարկվում է 13 հեռուստաընկերություն, մեկ ռադիոընկերություն, չորս թերթ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ ի տարբերություն ասենք 2006 թվականի, երբ եթերում երեւում էին միայն իշխանական եւ իշխանամետ ուժերը, իսկ ընդդիմադիրները` ոչ, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, հայկական հեռուստաընկերությունները սկսում են լուսաբանել նաեւ ընդդիմադիր ուժերի գործունեությունը: Սակայն, դա անում են ոչ թե մասնագիտական հասունության որոշակի աստիճանի հասնելով, այլ որ աճել է միջազգային բազմաթիվ կառույցների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ` պայմանավորված ՀՀ ԱԺ ընտրություններով:
Ըստ Երեւանի մամուլի ակումբի դիտարկման, ապրիլի 8-15 հատվածում հայկական 10 հեռուստաընկերությունների` 4 համապետական, 6 մայրաքաղաքային, երեք Շիրակի մարզի, եթերում ամենից շատ երեւացել է Հանրապետական կուսակցությունը` 588 անգամ` 62 668 վայրկյան, հետո ՀՅԴ-ն` 248 անգամ` 40 778: Երրորդը Բարգավաճ Հայաստանն է` 236 անգամ` 27 294 անգամ: Չորրորդ տեղում «Օրինաց երկիրն» է: «Կենտրոնի» եթերում առաջատարը, բնականաբար, ԲՀԿ-ն է, «Երկիր Մեդիայի» եթերում` բնականաբար ՀՅԴ-ն: Մյուս հեռուստաընկերություններում` ՀՀԿ-ն: Անգամ ԱԼՄ-ում առաջին տեղում 12 018 վայրկյանով ՀՀԿ-ն է: Իսկ Տիգրան Կարապետյանի ժողովրդական կուսակցությունը` 10 974 վայրկյանով երկրորդը: Սրա պատճառը, ըստ դիտարկման` պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանը իրավունք չունի քարոզարշավի ժամանակ հաղորդումներ վարել եւ չի վարում: Բայց մեկ է, Տիգրան Կարապետյանի քաղաքական գործունեության լուսաբանման 85 տոկոսը հենց ԱԼՄ-ն է ապահովում:
ՀՀ ԱԺ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրության լուսաբանման դիտարկման արդյունքների վերաբերյալ հերթական միջանկյալ հաշվետվության համաձայն, մասնավոր «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերը ավելի լայն են լուսաբանում քարոզարշավը, քան պաշտոնական «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը: Այս անգամ թերթերը ավելի շատ կենտրոնացել են քարոզարշավը լուսաբանելու, քան քարոզչություն անելու վրա, ինչը դրական է:
