ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայերին միավորում է երեք հարց
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ապրիլի 23-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականությունը Հայաստանի համար ունի ոչ պակաս կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ ընդլայնում է մեր արտաքին քաղաքականության սպեկտրը եւ միավորում մեզ այլ երկրների եւ միջազգային կառույցների շահերին: Պատմաբանը վստահ է, որ ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հարցերում վճռորոշ խոսքը Հայաստանի Հանրապետությանն է: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության որոշ այլ ոլորտներում, այս կամ այն կառույցի ճնշման արդյունքում Հայաստանին պարտադրվում են որոշակի գործողություններ:
Նույն քննարկմանը մասնակցող մեկ այլ պատմաբան` Բաբկեն Հարությունյանը ասել է, թե հայկական անկախ պետությունում պետք է առաջանան նոր մտքեր, նոր գաղափարներ, որոնց շուրջ հնարավոր կլինի միավորել համայն հայությանը: Նա հայտարարել է նաեւ, որ առայսօր պատմականորեն չի ձեւավորվել մի ընդհանուր գաղափար, որ միավորեր հայ ժողովրդին: Ըստ Բաբկեն Հարությունյանի, այս պահին երեք հարց կա, որոնց շուրջ հայերը միավորվել են. ղարաբաղյան կնճիռ, հայերի ցեղասպանության ճանաչման հարց եւ Հայաստանի անկախություն:
