ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատրաստվում են մեծ քանակի նոր ընտրակեղծիքներ
Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը ապրիլի 19-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ նախապատրաստվում է համապետական մասշտաբի խոշոր ընտրակեղծիք: «Մեծ քանակի տպագրության են տվել կտրոնները, որով պետք է տարբեր տեղեր մարդիկ գնան քվեարկության, ցուցակների համար համամասնական», ասում է Արամ Մանուկյանը: Ըստ նրա, խոսքն այն կտրոնների մասին է, որոնք ասենք Գորիսի բնակչին տալիս են Երեւանում ընտրություն կատարելու իրավունք:
ՀՀՇ վարչության անդամը նաեւ հայտարարել է, որ գիտե, թե ինչի համար են անձնագրեր հավաքում: «Հանրապետությունում է այդպես, ոչ միայն մեր ընտրատարածքում: Ամեն տեղ կա: Ուրեմն տեսեք ինչ են անում: Անձնագրերը հավաքում են, այդ մարդիկ փողը վերցնում են, ու չեն գնում ընտրության: Պայմանը դա է, անձնագրերը պետք է վերցնեն ու չգնան ընտրության», ասում է Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը լրագրողներին ասել է, նաեւ, որ թեկնածուներից շատերը կատարում են մի բավական խորամանկ հնարք, որով մոլորեցնում են ընտրողին: Ըստ ՀՀՇ թեկնածուի, պատգամավորության թեկնածուները իրենց նախընտրական բուկլետներում նշում են , որ կլուծեն ասենք աղբահանության, ասֆալտի կամ այլ խնդիրներ, որոնք ՏԻՄ համակարգի իրավասությունն են:
Լրագրողները Արամ Մանուկյանից փորձել են հարցնել, թե այդուամենայնիվ, եթե ընտրողը կուլ է տալիս այդ խայծը, ապա դա չի նշանակում, որ մարդիկ իրենք էլ չգիտեն պատգամավորի բուն առաքելության մասին եւ ընտրում են ըստ իրենց պատկերացման: Արամ Մանուկյանն ասել է, որ չգիտեն, որովհետեւ իշխանությունը ոչինչ չի անում մարդկանց իմացության համար: ՀՀՇ վարչության անդամի խոսքով, իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պայքարի փոխարեն խորհրդարան մտնի կրիմինալը, ինչպես այժմ, երբ Արամ Մանուկյանի բնորոշմամբվ մենք ունենք խորհրդարան, ուր ձեւավորվում են մտավոր հետամնացների խմբակցություններ: Լրագրողներից մեկը Մանուկյանին հարցրել է, թե կոնկրետ որ խմբակցությունն է մտավոր հետամնացների: Պատգամավորության թեկնածուն չի պատասխանել այդ հարցին, ասելով, որ բոլորը գիտեն դա, եւ որ մտավոր հետամնաց է այն պատգամավորը, ով թուղթ ու գրիչ վերջին անգամ տեսել է ութերորդ դասարանում եւ չորս տարվա ընթացքում խորհրդարանում չի արտաբերել թեկուզ մեկ նախադասություն:
