ՀՀԿ-ն, Ժառանգությունը, Դաշինքն ու ԱԺԿ-ն դարձել են ավելի ճանաչելի

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ապրիլի 18-ին հրապարակել է նախընտրական գործընթացներին վերաբերող մի քանի տվյալներ, որ նա ստացել է Երեւանում ու 29 խոշոր քաղաքաներում իրականացրած սոցհարցման հիման վրա: Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ բնակչության մոտ 70 տոկոսը հետաքրքրված է նախընտրական գործընթացով: Կուսակցությունների վարկանիշային առումով առաջատարը ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանն են, որ ունեն գրեթե հավասար ձայներ, բայց օրինակ հաստատ կողմնորոշված ընտրողների առումով առաջատարը ՀՀԿ-ն է: Ընդհանուր առմամբ այդ կուսակցություններն ունեն 28-30 տոկոս վարկանիշ: Երրորդն ՕԵԿ-ն է մոտ 10 տոկոսով: Դրան հաջորդում են ՀՅԴ-ն, Ժառանգություն կուսակցությունն ու Ազգային Միաբանությունը: Նրանք երեւի թե այն կուսակցություններն են, որ հաստատ կանցնեն խորհրդարան, ասում է սոցիոլոգը:

Ժառանգություն կուսակցությունը, նրա գնահատմամբ, մեծ քայլ է կատարել ճանաչելիության ուղղությամբ: Այդ գործում աճ են արձանագրել նաեւ Դաշինքն ու ԱԺԿ-ն: Նվազում է Տիգրան Կարապետիչի վարկանիշը եւ նա կարող է հայտնվել ուղղակի 5 տոկոսից այս կողմ, այսինքն դուրս մնալ խորհրդարանից: Սոցիոլոգի կարծիքով ճիշտ քարոզարշավ է վարում ՕԵԿ-ը,. որի նախագահը եթե մինչեւ վերջ ճիշտ օգտագործի իր անձնական հեղինակությունը, ապա կուսակցությունը կստանա բավական զգալի քվե: Իսկ դա, ըստ Ահարոն Ադիբեկյանի, Արթուր Բաղդասարյանին առայժմ հաջողվում է: Սոցիոլոգն ասում է, որ դրա գրավական է ՕԵԿ քարոզչության գաղափարական հետեւողականությունը, որ սոցիալական խոստումների փոխարեն առաջնային են համարում օրենքի երկիր ստեղծելը, ուր սոցիալական խնդիրները կկագրավորվեն ինքնաբերաբար: Սոցիոլոգն ասում է, որ հասարակությունն ընդունում է այդ մոտեցումը:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, բավական մեծացել է ՀՀԿ ճանաչելիությունը` մոտ 20 տոկոս, հասնելով մոտ 80 տոկոսի: Սոցիոլոգը կարծում է, որ կուսակցությունը չի արել որեւէ այնպիսի մի բան, որի շնորհիվ ճանաչվածությունը բարձրանար: Միակ գործոնն, ըստ նրա, վարչապետի մահվան հանգամանքն է, որով էլ պայմանավորված հասարակությանը շատ տեղեկատվություն էր մատուցվում ՀՀԿ մասին: «Բայց Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ, ոչ այնքան շատերը գիտեն: Նրան գիտեն, որպես պաշտպանության նախարար, որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որպես նոր վարչապետ, եւ երեւի հանրապետականները խնդիր ունեն իրենց կուսակցությունը կապել կուսակցության նոր նախագահի հետ», ասում է Ահարոն Ադիբեկյանը: Իսկ ահա Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակմանը դրական է արձագանքել հարցվածների 56 տոկոսը: 34 տոկոսնասել է,որ դա սխալ նշանակում էր: