ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լավ Ընտրական օրենսգիրքը ընդամենը գործի կեսն է
Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը ապրիլի 16-ին հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության հաջողությունը կախված է ընտրողների քաղաքացիական կամքից: Նրա խոսքով, լավ Ընտրական օրենսգիրքը ընդամենը գործի կեսն է: «Մենք ավելի հաճախ ենք տեսնում հաստատումն այն բանի, որ նման քաղաքացիական կամք առկա է», ասել է Պրյախինը: Նա ասել է նաեւ, որ ԵԱՀԿ-ն անում է ամեն ինչ, որ Հայաստանում ընտրությունն անցնի ազատ եւ արդար:
Պրյախինն այդ մասին ասել է Երեւանում հակակոռուպցիոն կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ընթացքում: Պրյախինը նշել է, որ այդ Կենտրոնը կոչված է Հայաստանի իշխանության ու ժողովրդի կապն ապահովելու համար. «վստահ եմ, որ քաղաքացիական հասարակությանը կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավելը լավագույն նախադրյալն է այդ չարիքն արմատախիլ անելու համար», ասել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը:
