ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թոնե Թինգսգարդը հետաքրքիր է համարում ԱԺ աշխատանքային խմբի ստեղծումը
ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ` Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար Թոնե Թինգսգարդին:
Աժ նախագահը կարեւորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ ԽՎ առաքելության աջակցությունը, եւ սերտ համագործակցության ակնկալիքով` նշել, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավված են 5 խմբակցությունների եւ 2 խմբերի ներկայացուցիչները: «Օրինաց երկիր» խմբակցությունը հրաժարվել է մտնել այսն աշխատանքային խմբի մեջ` պատճառաբանելով, որ խմբի գործունեության արդյունքներն անհասկանալի են: Խմբի քարտուղարությունը, որի 3 անդամների ընտրությանը նույնպես համաձայնություն են տվել աշխատանքային խմբում ներգրավված խորհրդարանական կուսակցությունների ու պատգամավորական խմբերի ներկայացուցիչները, ապրիլի 16-ից պատրաստ են գրառել դիտորդական առաքելությունների նկատած թերությունները` դրանք խմբին փոխանցելու եւ արագորեն վերացնելու նպատակով:
Թոնե Թինգսգարդը իրենց եւ միջազգային մյուս կազմակերպությունների դիտորդական առաքելության նպատակը որակել է աջակցություն, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Ընտրություններ, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են իրենց կարեւորության պատճառով: Թոնե Թինգսգարդը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` խորհրդարանական հատուկ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության համար, նշելով, որ դա հետաքրքիր ինստիտուտ է միջազգային պրակտիկայում եւ հենց այդ փաստն է իրեն նորից Հայաստան բերել:
Տիկին Թինգսգարդը նախընտրական շրջանն առավել կարեւորել է քվեարկությունների օրից` պատրաստակամություն է հայտնել Աժ աշխատանքային խմբի հետ սերտ աշխատելու: Նշելով, որ հաջողվել է ստեղծել լավ Ընտրական օրենսգիրք, տիկին Թինգսգարդը նաեւ կարեւորել է հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: տիկին Թինգսգարդը ասել է, որ մտադիր է Հայաստան գալ նաեւ մայիսի վերջին եւ կրկին հանդիպել Աժ նախագահին ու աշխատանքային խմբի անդամներին: Ըստ նրա այս փուլում կոնկրետ խնդիրներ չկան:
